Ինչ խոստումներ են «փաստաթղթավորվել» եւ պահվում Բաքվի ու Մոսկվայի պահոցներում


Ինչ խոստումներ են «փաստաթղթավորվել» եւ պահվում Բաքվի ու Մոսկվայի պահոցներում

  • 11-02-2021 15:00:04   | Հայաստան  |  Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանը հրապարակավ հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ և մտադիր են ավարտին հասցնել «ճանապարհային քարտեզը»: Դա խոսում է միայն մեկ բանի մասին, որ իշխանության ներկայացուցիչները  գտնում են, որ ամեն ինչ ճիշտ են արել և պետք է ավարտին հասցնել սկսած գործը:
 
Խնդիրն այն է, թե ինչ է պարունակում իր մեջ «ճանապարհային քարտեզը»: Հրապակայնորեն այն, իհարկե, ներկայացվել է, ինչպես և եռակողմ հայտարարությունը, սակայն ընթացքում պարզվում է, որ կան որոշ բանավոր, գրավոր կամ այլ պայմանավորվածություններ, որոնց մասին իշխանությունները նախընտրում են չխոսել, բայց անվերապահորեն կատարում են: Երեկ հայտնի դարձավ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի հատվածի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթի մասին, մինչ այդ՝ Սոթքի մասին, իսկ վաղը կարող է ի հայտ գալ Իրանի հետ սահմանի մասին փաստաթուղթ, որից հետո Հայաստանն այլեւս չի վերականգնվի:
 
Ինչ հավելյալ պայմանավորվածություն և խոստումներ են տրվել: Նման իրավիճակում իշխանությունից այսպես կառչելու համար բնատուր ցինիզմը բավարար չէ: Կարող էր արդյոք նվաստացված վիճակում գտնվող իշխանությունը տալ խոստումներ, որոնք «փաստաթղթավորվել» և պահվում են Բաքվի կամ Մոսկվայի պահոցներում: Վախենում է արդյոք իշխանությունը, որ այդ պայմանավորվածությունները կարող են հրապարակվել:
 
Եթե դա այդպես է, Հայաստանը և իր անբաժան մաս Արցախը վճարում են ինչ-որ մեկի ճղճիմության և «տղամարդկությունն» ապացուցելու ցանկության համար: Գուցե հոգեբանները կարողանային գտնել այդ բարդույթների և ցածր վախերի առաջացման ակունքները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին:
 
Դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա. ընդունել մեղքերը և հեռանալ: Մեղքերի ընդունումը կարող է չեղարկել խոստումները և արատավոր պայմանավորվածությունները
 
Հասարակությունը պետք է ստիպի իշխանությանը ընդունել մեղքերը, մերժելով շանտաժը, թե եթե «նորերը» չմնան, կգան «նախկինները»: Չկան հներ և նորեր, կան մարդիկ, ովքեր հարգում են ազգայինը, ինքնիշխան պետությունը, և կան մարդիկ, ում համար դա կարևոր չէ: Ժողովուրդը չի մնա առանց իշխանության, կլինեն ընտրություններ, մարդիկ կշտկեն մեջքը: Այժմ կարևոր է չեղարկել հրապարակված և թաքուն պայմանավորվածությունները, խոստումները, որոնք տրվել են վախի ազդեցության տակ: Վախեցած վիճակում կարելի է խոստանալ ցանկացած բան:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն