Հայաստանում գրեթե 7%-ով կրճատվել է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը


Հայաստանում գրեթե 7%-ով կրճատվել է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը

  • 18-02-2021 15:15:01   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 Հայաստանում օգտատերերի 10,50%-ը 2020-ին ենթարկվել է համացանցի միջոցով գրոհների (վեբ-գրոհների) այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,34%։ Ընդ որում, եթե Վրաստանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2019-ի 14,83%-ից 2020-ին նվազել է մինչև 10,49%, ապա Ադրբեջանում 21,12-ից հասել է 10,95%-ի։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ Ընկերության փորձագետները նշում են, որ նշված երկրներում վեբ-հարձակումների ենթարկված օգտատերերի բաժնի նվազումը տեղի է ունեցել հուսալի պաշտպանական լուծումների օգտագործման ընդլայնման և օգտատերերի շրջանում կիբեռգրագիտության տարածման շնորհիվ։
 
2020-ն վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Թունիսում (18,27%), Ալժիրում (16,42%) և Մոնղոլիայում (15,94%)։
 
Այդ տարի աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 10,18%-ն առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի՝ նախորդ տարվա 19,8%-ի դիմաց։
 
Փորձագետները նշում են, որ վեբ-մոդուլով հուսալի հակավիրուսը պաշտպանում է օգտատերերին վնասաբեր/վարակված վեբ-էջից վնասակար օբյեկտների ներբեռնումից։ Վնասաբեր կայքերը հատուկ են պատրաստվում չարագործների կողմից։
 
Նրանք նաև ձգտում են կոտրել հնարավորինս շատ օրինական կայքեր և այնտեղ ներդնել վնասաբեր սկրիպտներ ու ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնման փաթեթներ, անձնական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Վարակված կարող են լինել նաև այն վեբ-ռեսուրսները, որոնց բովանդակությունն ստեղծում են օգտատերերը (օրնակ՝ ֆորումները)։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ