Հայաստանի երեք կարեւոր հաղթաթուղթը, որոնք կարող են շրջել իրավիճակը


Հայաստանի երեք կարեւոր հաղթաթուղթը, որոնք կարող են շրջել իրավիճակը

  • 18-02-2021 18:53:26   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Հաղորդվում է, որ քննարկվել են «ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման մասին հարցերը, երկու կողմերը ընդգծել են առանցքային խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծելու կարևորությունը»։ Հանդիպման մասին  Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության մեջ խոսվում է «փոխվարչապետների մակարդակով եռակողմ  աշխատանքային խմբի աշխատանքների շարունակության մասին»։
 
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայկական կողմը ընդգծել է գերիների ժամ առաջ վերադարձնելու անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանը ոչ ամբողջությամբ է կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները։
 
Մի քանի օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի է ունեցել տեսակոնֆերանս, բայց նույնիսկ դրանից հետո չհայտարարվեց  ոչ համանախագահների առաջիկա այցի, ոչ առաջարկությունների պատրաստման մասին։ Այն, որ Ադրբեջանին դա ձեռնտու է, դա հասկանալի է, բայց ինչու Երևանը չի հրաժարվում ցանկացած այլ ֆորմատի բանակցություններից։
 
Մինսի խմբի համանախագահների հետ բանակցությունների ընթացքում Արա Այվազյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում դրված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը։ Նա նշել է, որ պատերազմի հետևանքները չեն կարող համարվել հակամարտության հանգուցալուծում։ Նախարարը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու խաղաղ կարգավորումները Մինսկի խմբի շրջանակներում, որպես կարգավորման միակ միջնորդական ֆորմատ։
 
Այսինքն՝ Հայաստանի ելակետը որոշված է․ պատերազմի արդյունքները չեն համարվում հակամարտության հանգուցալուծում։ Երևանը չի համարում, որ տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ։ Հաջորդ քայլը Մինսկի խմբի ֆորմատի վերականգնում է։
 
Ինչ կարող է տալ միջազգային ֆորմատը և որ քայլերը թույլ կտան գործընթացը հանել ռուս-թուրքական  համաձայնություններից և փոխել իրավիճակը։ Կա երեք տարբերակ։
 
Առաջինը, հայկական կողմը պետք է վերակենդանացնի մոնիտորինգի միջազգային մեխանիզմների ներգրավման և միջազգային խաղաղապահների հարցերը։ Այս երկու կետերը ամրապնդված են համանախագահների առաջարկների մեջ, որոնց հետ համաձայնել է նաև Ռուսաստանը։ Մոսկվան պնդում է, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը բխում էր Մինսկի խմբի առաջարկություններից։ Այդ դեպքում պետք է լինեին միջազգային մոնիտորինգ և միջազգային խաղաղապահ զորքեր ՄԱԿ-ի մանդատով, այլ ոչ թե ռուս խաղաղապահներ։
 
Երկրորդ․ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման կամ վերամիավորման որոշումը։ Հայաստանը միշտ հայտարարում էր, որ չի ճանաչում Արցախի անկախությունը և միացումը, որպեսզի չվտանգի խաղաղ գործընթացը։ Այդ կարծիքին էին նաև որոշ այլ երկրներ։ Մի կողմ թողնելով այդ պնդման անհեթեթությունը, նշենք, որ տեղի է ունեցել պատերազմ, իրականությունը փոխվել է, և Հայաստանը ուղղակի պարտավոր է  սկսել միջազգային ճանաչման գործընթացը։
 
Եվ երրորդ, թերեւս ամենառանցքային հարցը այն է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանի բանալիներն իր ձեռքին են։ Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանով անցնող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները լինելու են հայկական իրավազորության մտակ։ Դա կարևոր հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքին, եւ Երեւանն իրավունք չունի չօգտագործել այն։ Հայաստանի իրավազորությունը հնարավոր չէ կոտրել, եթե միայն ինքներս դա չհանդուրժենք։
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն