Տուն արձակված մի խումբ զինծառայողներ հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, մի քանիսն էլ ինքնակամ լքել են զորամասը. ՊՆ

24-02-2021 13:30:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են
խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր՝ հայտնում են Պաշտպանության նախարարությունից: 
 
«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։ Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
 
Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար։
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և հետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։
 
Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար