Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները

24-02-2021 13:20:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 
 
ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ նախագիծը կանոնակարգում է Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող, ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ հայցելու գործընթացը: 
 
Եվ այսպես՝ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որի ազատությունը օրենքով սահմանված կարգով
սահմանափակված է, կամ որը ազատությունից զրկված է, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրացուցային օրվա ընթացքում:
 
Ղազարյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ նման անձինք դիմում են միգրացիոն ծառայություն՝ փախստական ճանաչվելու և ապաստան շնորհելու հարցով՝ այդպիսով խուսափելով քրեական պատասխանատվությունից: Առաջարկվող կարգավորման նպատակն, ըստ Ղազարյանի, ազատությունից զրկված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ընթացակարգի ժամկետային կարգավորումն է: 
 
Արմեն Ղազարյանն ասաց, որ 2018-ին ունեցել ենք 218, 2019-ին՝ 248, 2020-ին՝ 207 ապաստանի դիմում: 2018-ին եղել է ապօրինի սահմանափակման 43 դեպք, որոնք հետո ապաստան են հայցել, 2019-ին՝ 14, 2020-ին՝ 8 դեպք: Հանձնման գործերը՝ 2018-ին՝
3, 2019-ին՝ 19, 2020-ին՝ 3: Քրեական հետապնդման գործերը՝ 2018-19-ին չեն եղել, 2020-ին՝ 3 դեպք: 
 
«Այսինքն՝ միջին հաշվարկով, ապաստանի հայցերի 17-18 տոկոսը կազմում են նման գործերը, և մեզ համար այս առումով կարևոր են ժամկետային կանոնակարգում, հակառակ պարագայում ունենում են հանձնման անհնարինության խնդիրներ»,- ընդգծեց Ղազարյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 166 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար