Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն Կիևի միջազգային մրցաշարին

24-02-2021 15:58:24   | Հայաստան  |  Սպորտ



 
Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները մեկնել են Կիև՝ փետրվարի 25-28-ը մասնակցելու միջազգային մրցաշարի: Ուկրաինայի մայրաքաղաքում մեդալների համար պայքարելու է շուրջ 600 ըմբիշ՝ 33 երկրից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը մրցաշարի համար ընտրել է հետևյալ կազմը՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Արմեն Մելիքյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Արտավազդ Վարդանյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Արթուր Շահինյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ), իսկ
ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի որոշմամբ՝ մեր ընտրանին Կիև է մեկնել հետևյալ կազմով՝ Կարեն Զուրաբյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Գևորգ Թադևոսյան (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Արման Անդրեասյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):
 
Հավաքականների մարզիչները նշել են, որ Կիևում գրանցված արդյունքները հաշվի են առնելու Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի մասնակիցներին ընտրելիս:
 
«Ծաղկաձորում և «Օլիմպավանում» անցկացրած ուսումնամարզական հավաքները
լիովին ծառայել են իրենց նպատակին: Աստիճանաբար վերադարձնում ենք այն մարզավիճակը, որն ըմբիշներն ունեին կորոնավիրուսից առաջ, մնացածը «գորգը ցույց կտա»: Տղաներից ոմանք տևական ժամանակ միջազգային մրցումների չեն մասնակցել. սա հիանալի առիթ է փորձի պակասը լրացնելու և վարկանիշային մրցաշարերից առաջ իրավիճակը գնահատելու տեսանկյունից»,- ասել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքով՝ Կիևի միջազգային մրցաշարից առաջ Բուլղարիայի ընտրանու հետ անցկացրած համատեղ հավաքը դրական է ազդել հայ ըմբիշների մարզավիճակի վրա. «Բուլղարիայի հավաքականը ժամանել էր Հայաստան, «Օլիմպավանում» համատեղ հավաք անցկացրինք: Նմանօրինակ հավաքները չեն կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ. մեկ բան է՝ թիմակցիդ հետ մարզվելը, մեկ այլ՝ օտարերկրացու: Կիևի մրցաշարը թույլ կտա հասկանալ՝ հատկապես որ ուղղությամբ շարունակել աշխատանքը, քանի որ առջևում վարկանիշային մրցաշարերն են»:
 
Հավելենք, որ Կիևի ստուգատեսից հետո Օլիմպիական խաղերի համար առաջին վարկանիշային մրցաշարը մարտի 18-21-ը կայանալու է Բուդապեշտում: Այժմ հայ ըմբիշներից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 184 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար