Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

  • 24-02-2021 17:00:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:
 
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ նշելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների վերացմանն ուղղված Կառավարության ջանքերը:
 
Զրուցակիցները հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են ՎԶԵԲ-ի կողմից մասնավոր հատվածին աջակցությունը և Հայաստանում ֆինանսական տարբեր գործիքների ակտիվացումը, որոնք ուղղված են մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտ, այլընտրանքային էներգետիկա և այլն: Մտքեր են փոխանակվել կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության և դրա համար առկա նախադրյալների շուրջ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն