Կեցության վարձավճարի փոխհատուցում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներին

24-02-2021 17:25:35   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ամփոփվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիություն մարզաբնակ ուսանողներին» դրամաշնորհային մրցույթը. հաղթող է ճանաչվել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամը, որը եղել է մրցույթին միակ դիմողը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
 
2021 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված 29 մլն 258 հազար դրամ գումարի շրջանակում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանային սենյակներում բնակվելու հնարավորություն կունենան` ստանալով կեցության
վճարի փոխհատուցում:
 
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները:
 
Կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝
• միջպետական համաձայնագրերի
շրջանակում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի).
• երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին.
• հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին:
 
Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
• միակողմանի ծնողազուրկ ուսանողներին.
• սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների ուսանողներին.
• հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին.
• ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։
 
Ծրագրից օգտվել ցանկացող ուսանողների թիվը նախարարության և «Զեյթուն ուսանողական ավանի» միջև կնքված պայմանագրով նախատեսված թվից ավելի լինելու դեպքում առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ՝
• ծրագրից արդեն օգտվող ուսանողներ.
• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներ.
• ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներ.
• առավել հեռավոր փաստացի բնակության վայր ունեցող ուսանողներ։
 
Ծրագրից արդեն օգտվող ուսանողներին կարելի է ցանկից հանել հետևյալ դեպքերում՝
• ուսանողը կորցրել է ուսանողի իր կարգավիճակը.
• ուսանողն ունի ավելի քան երեք ամսվա վարձավճարի կամ կոմունալ վճարների կետանց պարտավորություն.
• ուսանողը, կազմակերպության ներքին կարգապահական կանոնների համաձայն, զրկվել է կեցության ծառայություններից.
• ուսանողը հրաժարվել է կազմակերպության ծառայություններից։
 
Նշենք, որ կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամում մեկ ուսանողի համար հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով` չհաշված սենյակի էլեկտրականության վճարը:
 
Համաձայն դրամաշնորհային մրցույթի պահանջի և ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրի` մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները կարող են դիմել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամ` ներկայացնելով ուսումնառության փաստը հավաստող տեղեկանք` տրված բուհի կողմից, ինչպես նաև արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 194 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար