Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր


Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր

  • 24-02-2021 17:30:49   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված  գողության մի շարք դեպքեր: 
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը, 2020 թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, օգտվելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երվանդ Քոչար փողոցում գտնվող արհեստանոցի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել տարբեր արժողության կենցաղային իրեր՝ քաղաքացուն  պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
 
Բացի այդ, 2018-2020 թթ. ընթացքում, 53-ամյա տղամարդը մի քանի անգամ  երկաթյա ձողով բացելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 204 հասցեի մայթեզրին գտնվող  դիտահորի կափարիչը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և իր հետ նախապես վերցրած գյուղատնտեսական մկրատով կտրելով հեռախոսային մալուխը՝ գաղտնի հափշտակել է այն՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի  2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ):
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք