ՀՀ նախագահը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցի լուծումը

24-02-2021 17:54:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն





Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:
 
Գեներալ Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների
իրականացման ընթացքի մասին՝ ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ցուցաբերում է ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ:
 
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու հաջողություններ մաղթել իրենց ծառայության մեջ:
 
Զրուցակիցները քննարկել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր: Արմեն Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 194 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար