ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց
25-02-2021 15:00:12 | Հայաստան | Իրավունք
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն:
«Ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները:
Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:
Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու և պաշտպանելու համար»: