Միացյալ Նահանգները պետք է դիրքորոշում ունենա թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

25-02-2021 18:24:12   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
1lurer.am Որպես մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առաջամարտիկ՝ Միացյալ Նահանգները հարգանք է վայելում ամբողջ աշխարհում՝ գլոբալ խնդիրների լուծման և տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորում գտնելու հարցում իր դիվանագիտական ու տնտեսական ազդեցության արդյունավետ կիրառման շնորհիվ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ փոխանցում է News Week-ը:
 
Քանի որ Ջո Բայդենի վարչակազմը ժողովրդավարության պաշտպանություն և մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություն է խոստանում, հուսով ենք, որ ավելի շատ ուշադրության կարժանանա Արցախում ստեղծված շատ փխրուն իրավիճակը:
 
 
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է սեպտեմբերի վերջին Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած
պատերազմին, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, ու տասնյակ հազարավորները տեղահանվել են:
 
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը վերջերս կոչ էր արել «բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում» Արցախի համար:
 
«Մենք ողջունում ենք այդ կոչը, սակայն Թուրքիան ու Ադրբեջանը սխալ դաս կքաղեն այս հակամարտությունից, եթե ագրեսիան անհետևանք մնա»,- հայտարարել է Վարուժան Ներսեսյանը:
 
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանն արհամարհել է ոչ միայն ԱՄՆ-ի դերակատարումը որպես խաղաղ բանակցող կողմ, այլև՝ միջազգային հիմնարար նորմերը:
 
Ներսեսյանն ընդգծել է, որ Թուրքիան այս պատերազմում  կիրառել է ՆԱՏՕ-ի ռազմական համակարգեր, ինչպես նաև ամերիկյան F-16 ռազմական օդանավեր: Դեսպանը հիշեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ծննդատան, շուկաների, եկեղեցիների հրթիռակոծման և միջազգայնորեն արգելված կասետային և ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին:
 
Էթնիկ զտման ֆոնին, գրավյալ տարածքներում համատարած ոչնչացվում են հայկական մշակութային և քրիստոնեական ժառանգության օբյեկտներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը բարձրաձայնել է նաև ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելու և իսլամիստների ոճով գլխատման
տեսագրությունների՝ սոցիալական հարթակներում տարածելու փաստը:
 
Վարուժան Ներսեսյանի հավաստմամբ՝ երկարատև խաղաղությունն անհնար կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան մնան անպատիժ, նրանք հայերի դեմ ագրեսիան կշարունակեն նաև հետագայում:
 
ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի հայերը հուսով են, որ Միացյալ Նահանգները սկզբունքային կգտնվի՝ աջակցելով հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը: Այն չի կայանա, քանի դեռ հակամարտության հիմնահարցը՝ կարգավորման խնդիրը, լուծված չէ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 159 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար