ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

  • 26-02-2021 13:35:36   | Իրաք  |  Մամլո հաղորդագրություն

 
Իրաքի Հանրապետությունում այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
Փետրվարի 24-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին հայ և քուրդ ժողովուրդների պատմական ամուր կապերն ու փոխադարձ համակրանքը: Մասուդ Բարզանին բարձր գնահատեց Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու բազմաոլորտ համագործակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
 
Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Իրաքյան Քուրդիստանի  նախագահը՝ շնորհավորելով էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը մեծապես կնպաստի քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը: Երկուստեք ընդգծվեց նաև տնտեսական և առևտրային կապերի խորացման կարևորությունը՝ մասնավորապես զբոսաշրջության և էներգետիկայի, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի ոլորտներում:
 
Փետրվարի 25-ին  Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ կատարեցին Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգին՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության ու գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Երկուստեք կարևորվեց Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների միջև միջմշակութային փոխանակմանը և գործարար կապերի ամրապնդմանը: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև համատեղ գործարար համաժողովների անցկացման վերաբերյալ:
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը այցի շրջանակներում հանդիպեց նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբատ Թալաբանիի հետ: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի՝ քննարկվեցին նաև նորարար կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի փոխխոսնակ Հեմին Հաուրամիին: Հանդիպմանը ներկա էին ԻՔ խորհրդարանի ազգային և կրոնական փոքրամասնությունների և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի լայն շրջանակ՝ այդ թվում հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև այցով Էրբիլում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play