Հայաստանում Շրի Լանկայի դեսպանն այցելել է ԵՊԲՀ

26-02-2021 14:18:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Հայաստանում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսայի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր:
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն 100-ամյա պատմություն ունեցող համալսարան է, որն ունի շուրջ 8000 սովորող. նրանցից 2000-ը օտարերկրացի են:
 
«Մենք կարևորում ենք գիտական գործունեությունը: ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագրի շրջանակում մենք կառուցում ենք  «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որի շինարարությունը կավարտվի այս տարվա սեպտեմբերին», - տեղեկացրեց Արմեն Մուրադյանը:
 
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ-ի կողմից Շրի Լանկայի Բժշկական խորհրդի կանոնները պահպանելու համար և վստահեցրեց հետագա համագործակցության ընդլայնման մասին: Նշելով, որ ինքն էլ գործող վիրաբույժ է, Միգահալանդ Դուրաջ Լամավանսան գոհունակություն հայտնեց այն փաստի առթիվ,
որ բժշկական համալսարանը կարևորում է Շրի Լանկայի Բժշկական խորհրդի որոշումները:
 
Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց, որ այս պահին համալսարանում սովորում է 52 ուսանող Շրի Լանկայից, որոնցից մեկն Ավստրալիայի քաղաքացի է: «Մենք արդեն 23 շրջանավարտ ունենք Շրի Լանկայից. նրանք հաջողությամբ աշխատում են իրենց հայրենիքում: Շուրջ 40 երկրում ունենք շրջանավարտներ, որոնց փորձում ենք համախմբել Շրջանավարտների միության միջոցով», - ավելացրեց ռեկտորը:
 
Բուհի ղեկավարի խոսքով՝ ուսանողներն ակտիվորեն ներգրավված են համալսարանի հասարակական կյանքում:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, հիշեցնելով շրիլանկացի մանկաբուժության ոլորտի հեղինակավոր պրոֆեսոր Լամաբադուսուրիայից ստացած դրական փորձի մասին, ընդգծեց Շրի Լանկայի Բժշկական խորհրդի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև ստորագրված հուշագրի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
 
Դեսպանի խնդրանքով, խոսելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մասին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ այն համահայկական կառույց է:
 
«Հենց այս կառույցն է ապահովել պատերազմի արհավիրքներից տուժած մեր զինվորների վերականգնումը: Կենտրոնը հագեցած է վերականգնման համար նախատեսված բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով: Այժմ մենք կառուցում ենք նաև Պրոթեզավորման կենտրոն», - հավելեց բուհի ղեկավարը:
 
Գիտության գծով  պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը շեշտեց, որ ուսանողները դեռ ցածր  կուրսերից ներգրավվում են հետազոտական ծրագրերում և աշխատանքներում: «Այժմ մեր առաջնահերթություններից են ուղեղի հետազոտման ոլորտը և վերականգնողական բժշկությունը:
Չնայած նրան, որ գիտական ոլորտում համագործակցությունը ծավալվել է հիմնականում եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ, մենք մեծ պատրաստակամությամբ կհամագործակցենք նաև Շրի Լանկայի համալսարանների հետ», - նշեց պրոռեկտորը:
 
Դեսպանն, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց նպաստելու Շրի Լանկայի 8-9 համալսարանների և հայկական բժշկական բուհի միջև համագործակցության հաստատմանը:   
 
Հանդիպման ավարտին դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան հանդիպեց և զրուցեց նաև ԵՊԲՀ-ում կրթություն ստացող շրիլանկացի ուսանողների հետ, շրջայց կատարեց բուհի տարածքում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 106 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար