Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը


Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը

  • 26-02-2021 18:37:38   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում, անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմին, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերներին, նաև համակողմանիորեն քննարկելով հայրենիքում տեղ գտնող զարգացումները, մասնավորապես փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված դժվարին կացությունը, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում՝
 
- պատերազմի հետևանքով հայրենիքում տիրող քաղաքական ծանր իրադրության առնչությամբ, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները, էլ ավելի ծանրացնում բարոյահոգեբանական անկյալ վիճակը.
 
- առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ, որոնք հանգեցնելու են նոր պառակտումների, առկա ներքին և արտաքին մարտահրավերների ահագնացման, հայրենիքի ապագայի հանդեպ անվստահության արմատավորման և արտագաղթի՝ լուրջ սպառնալիք դառնալով Հայաստանի անվտանգության և Արցախի հետագա վերականգնման ու առաջընթացի համար։
 
Անընդունելի ենք նկատում քաղաքական պայքարի շրջանակներում սերմանվող ատելությունը և անհանդուրժողականությունը, փոխադարձ անարգանքն ու հայհոյախոսությունը, քաղաքացիների զգացմունքների շահարկումը, ի հետևանս որոնց նաև երկրի հեղինակազրկումը միջազգային հանրության առջև։
 
 
Հորդորում ենք՝
 
- իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից.
 
- մեր ժողովրդի զավակներին՝ պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։
 
Վերահաստատելով առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտահայտած դիրքորոշումները և օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում Ազգային ժողովին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևությունները անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի և ազգի՝ նոր հիասթափությունների չառաջնորդելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։
 
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը և խնդիրների հանգուցալուծումը փնտրել միմիայն համազգային ներուժի համախմբման մեջ՝ հեռու պահելով ժողովրդին հնարավոր բախումներից։
 
Նաև հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում և նպաստել մեր բանակի սրբազան առաքելության արգասավորմանը։
 
Ստեղծված իրավիճակում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի ամենայն ջանք ի գործ դնել լարված մթնոլորտի լիցքաթափման և ներհասարակական միասնականության ու համերաշխության վերականգնման ուղղությամբ։
 
Աղոթում ենք ճգնաժամի արժանապատիվ հաղթահարման համար՝ հայցելով Ամենողորմ Աստծուն Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգ և խաղաղ պահել հայրենի մեր երկիրը և մեր ժողովրդին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն