Ոստիկանության Սիսիանի բաժին տեղափոխված բեռնատարը բարձված է եղել մոտ 25 խմ ապօրինի փայտանյութով
27-02-2021 10:52:43 | Հայաստան | Իրավունք
Փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել, ապա բաժին հրավիրել Սիսիանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։
Նրա «Կամազ» մակնիշի խոշոր բեռնատարն էլ տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռնատարում առկա մոտ 25 խորանարդ մետր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։
Նախնական տվյալներով՝ երիտասարդը փայտանյութը ձեռք էր բերել փետրվարի 16-ին՝ Սյունիքի Արծվանիկ բնակավայրում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: