ՀՀ նախագահն ու ՀՀ ՄԻՊ-ը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր

27-02-2021 11:28:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն





Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի
Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է Հանրապետության սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:
 
Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով:
 
Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 88 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար