Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ ՀՀ-ում այլևս «Մարտի 1» չի լինելու. Տիգրան Ավինյանի ուղերձը

01-03-2021 10:45:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշված է.
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունը ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց դիմահար արձակված կրակոցին: Այդ օրից ի վեր՝ մեր իրականությունը մտավ խուլ լարվածության շրջափուլի մեջ, երբ նեղ կլանային ու անձնական շահերով պայմանավորված՝ մի խումբ մարդիկ որոշեցին, որ իշխանությունը պատկանում է իրենց և, առանց միջոցների մեջ խտրություն դնելու,
այն հափշտակեցին ժողովրդից: Այդպես պետությունն օտարվեց ժողովրդից, քաղաքացին սեփական մաշկի վրա զգաց, որ իր բացարձակ ու անձեռնմխելի՝ կյանքի իրավունքը պետության կողմից ոչ միայն չի պաշտպանվում, այլև ենթակա է նրա ուղիղ ոտնձգությանը:  
 
Այդ անարդարությունը շտկելու, իշխանությունն իր տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու պատճառն էլ ընկավ 2018թ. հեղափոխության հիմքում, երբ հանրությունը հրաժարվեց ենթարկվել բռնատիրության, պետության օտարման և անձնիշխանության պարտադրանքին: Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու, անզեն ու իր բողոքը խաղաղ արտահայտող քաղաքացին սեփական մայրաքաղաքում չի գնդակահարվելու և ամենակարևորը՝ իշխանությունը չի պատկանելու մի խումբ անձանց, չի փոխանցվելու կուլիսային պայմանավորվածություններով, չի որոշվելու ժողովրդից գաղտնի ու նեղ կլանային շահերով:
 
Այսօր, օգտվելով հանրության հուզական վիճակից, Հայաստանի ժողովրդավարությունը խաթարելու, ժողովրդի իշխանության սահմանադրական և իրավական ընթացակարգերը շրջանցելու, մարդկանց ազատ կամքը հաղթահարելու
միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձեր են արվում: Դրանք, սակայն, լիովին դատապարտված են ձախողման, որովհետև 2008 թ. մարտի 1-ի հավերժ հիշողությամբ և 2018 թ. հեղափոխության երաշխիքով Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես հանրության ազատ կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 80 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար