Շիրակի մարզի դատախազը անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքների հարցով դիմել է պատկան մարմիններին


Շիրակի մարզի դատախազը անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքների հարցով դիմել է պատկան մարմիններին

  • 01-03-2021 11:10:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2021 թ. հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Մասնավորապես, ըստ դրանց առթիվ նախապատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահաս ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով դեռահասի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Մյուս դեպքում, որը տեղի է ունեցել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 9-րդ դասարանի երկու աշակերտի միջև բջջային հեռախոսից օգտվելու հարցի շուրջ ճագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսի դեմքին՝ աջ աչքի շրջանում, հարվածել է բռունցքով, ինչի հետևանքով տուժած անձը ստացել է գլխուղեղի ցնցում,  նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: 
 
Հաշվի առնելով, որ իրենց տարեկիցներին ծեծի ենթարկած դեռահասները խոստովանել են արարքը, զղջացել, խնդրել իրենց չենթարկել պատասխանատվության, որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ առաջին դեպքում  հանցակազմի բացակայության և անձանց արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքերով, իսկ երկրորդի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:
 
Շիրակի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թ. մարզի տարածքում փաստացի արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք։ 2019 թ. համեմատ հանցագործություն կատարած անչափահաս անձանց թիվը նվազել  է 2-ով, սակայն դեպքերի քանակն ավելացել է 8-ով:
 
Ընդ որում, 2020 թ. ընթացքում հանցագործություն կատարած անչափահասներից 1-ը, ով 2 անգամ կատարել է  հափշտակություններ, հանցանքները կատարելու պահին գտնվել է հաշվառման մեջ: Մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ 2020թ.-ին արձանագրվել էր անչափահասի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն:  Այս քրեական գործով կալանավորվել է 17 ամյա անչափահաս, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
 
Նշված դեպքն առանձնանում է նրանով, որ դրա առաջացմանն էականորեն նպաստել էր ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու պայմաններում 2 գյուղերի ֆուտբոլային թիմերի միջև խաղի կազմակերպումը և անցկացումը, որը դուրս է մնացել ոստիկանության համապատասխան աշխատակիցների վերահսկողությունից:
 
Չնայած անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվել են ներգործության միջոցներ, այդ թվում նաև՝ դատախազական, սակայն հատկապես 2020 թ. արձանագրված վիճակի խորապատկերին 2021 թ. հունվարին անչափահասների կողմից կատարված հանցագործության միանգամից 2 դեպքերը փաստում են, որ նրանց շրջանում հանցագործությունների նախականխման, խափանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները չեն տվել ցանկալի արդյունքները: 
 
Ելնելով պետական և հասարակական մարմինների հետ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ հանցավոր դեպք է արձանագրվել նաև ուսումնական հաստատության տարածքում՝ ըստ էության, դաստիարակչական գծով աշխատանքներ իրականացնող մանկավարժների հսկողությունից դուրս մնալու հետևանքով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ      կրթության,   գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:  
 
Միջնորդագրերով բարձրացվել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժիններում անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների կողմից տարվող կանխարգելիչ աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերացումները մանրամասն վեր հանելու և գնահատաելու խնդիրը: Նախարարին ուղղված միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում նմանատիպ դեպքերը բացառելու, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելուց զերծ պահելու, դպրոցների տնօրինության և ոստիկանության տարածքային ստորաբաժանման անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի աշխատակիցների միջև աշխատանքային գործուն կապերի ապահովումը և համատեղ միջոցառումների իրականցումը: 
 
Մարզի դատախազությունն արդեն իսկ պլանավորել է ընթացիկ տարում ուսումնական և այլ սոցիալական հաստատություններ այցելությունների, հանդիպումների միջոցով առավել ինտենսիվ դարձնել անչափահասների հետ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն