Արմեն Սարգսյանի հայտարարությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ որոշման մասին


Արմեն Սարգսյանի հայտարարությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ որոշման մասին

  • 01-03-2021 12:14:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի:
 
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով:
 
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում:
 
Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով:
 
 
Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը:
 
Հիշեցնում ենք, որ Սահմանադրական դատարանն իր 2020 թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը:
 
Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021 թ. փետրվարի 28-ի երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021 թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն