Դասընթաց քահանաների համար՝ Արցախի պատերազմից տուժածներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով


Դասընթաց քահանաների համար՝ Արցախի պատերազմից տուժածներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով

  • 02-03-2021 12:55:57   | Հայաստան  |  Հասարակություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` 2021 թվականին «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել է սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված կարողությունների զարգացման ծրագիրը:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, ծրագիրն իրականացվում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները և սոցիալական աշխատողներն ավելի արհեստավարժ կարողանան ամոքել հոգևոր ու պատերազմի հոգետրավմաները և ավելի լայնածավալ ու արդյունավետ ծառայություն մատուցեն Արցախյան պատերազմից տուժած տեղաբնակ, տեղահանված և հատկապես զոհված, հաշմանդամ կամ գերեվարված զավակ ունեցող ընտանիքներին, որոնք գտնվում են ծանր հոգեբանական վիճակում:
 
Դասընթացին մասնակցում են քահանաները և սոցիալական ոլորտի աշխատակիցները` Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Գեղարքունյաց, Շիրակի, Գուգարաց, Տավուշի, Արթիկի, Կոտայքի թեմերից, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ-ի գնդերեցները:
 
Մարտի 1-ին կայացել է դասընթացի առաջին հանդիպումը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր պատգամն է տվել սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված ծրագրի բոլոր ներկայացուցիչներին` հորդորելով քաջալերվել Աստծո լույսով և շարունակել իրենց ծավալած աշխատանքը Արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց հետ: Սրբազան Հայրը կարևորել է քահանաների կողմից կատարվելիք տնայցերը` շեշտադրելով այդ հանդիպումների կարևորությունը նույնիսկ խաղաղ և բարեկեցիկ պայմաններում, ինչպես նաև ընդգծեց ծայրահեղ անհրաժեշտությունն անհայտ կորածների, գերեվարվածների կամ զոհվածների ընտանիքների հետ հանդիպումներն ու անհատական զրույցները:
 
Քննարկվել է նաև Հայաստանում ստեղծված ներկայիս ծանր դրությամբ պայմանավորված այն հարցը, որ քահանաներն ու սոցիալական ոլորտի աշխատակիցներն աշխատանքի ընթացքում հաճախ հանդիպում են հուսալքված այնպիսի անձանց, ովքեր նույնիսկ մերժում են զրուցելու առաջարկը: Հաշվի առնելով նմանատիպ ծայրահեղ ծանր իրավիճակները, որոնք դժվարացնում են քահանաների կողմից տուժածներին աջակցելու համար նախաձեռնած քայլերը՝ Սրբազան Հայրը խրախուսել է զինվել անսպառ համբերությամբ և ոչ մի դեպքում չընդհատել համայնքի անդամներին ոտքի կանգնեցնելու և նոր կյանք վերադարձնելու համար ծավալված գործունեությունը` կարևորելով ինչպես որդեկորույս մայրերի, այնպես էլ, հատկապես, որդեկորույս հայրերի հետ իրականացվող աշխատանքը:
 
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել են մի շարք խնդրահարույց իրավիճակներ` ստանալով Սրբազան Հոր խորհուրդն ու հորդորը:
 
Հանդիպման ավարտին Սրբազանը քաջալերել է քահանա հայրերին և սոցիալական ոլորտի աշխատողներին շարունակել իրենց հայրենանպաստ և անձնուրաց գործունեությունը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play