Ավտովթարից մահացել է սցենարիստ Սոսի Խանիկյանը


Ավտովթարից մահացել է սցենարիստ Սոսի Խանիկյանը

  • 02-03-2021 16:57:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող, «Քաղաքը», «Վարդապետը» ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, մի շարք երգերի խոսքերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար Սոսի Խանիկյանը:
 
Երկար տարիներ Սոսի Խանիկյանը համագործակցում էր Հանրային հեռուստաընկերության հետ որպես հաղորդաշարերի, հեռուստաֆիլմերի սցենարիստ և խմբագիր։
 
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Սոսի Խանիկյանի մահվանը:
 
«Սոսիի հետ ընկերության վերաճած մեր գործընկերությունը սկսել էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունից: Այս նախագծի հիմքում յուրօրինակ, աշխատասեր, արժեք ստեղծող քաղաքացիների բացահայտումն ու հանրահռչակումն էր:
 
 
Նաև Սոսիի մասնակցությամբ միասին մեր թիմով զրոյից ստեղծեցինք այս մրցանակաբաշխությունը: Նրա հետ շաբաթներ առաջ նախագծում էինք Շառլ Ազնավուրի մասին փաստավավերագրական ֆիլմը, որը շանսոնյեի հարյուրամյակին պետք է Առաջին ալիքի եթերում լիներ:
 
Այս նախագծով էլ մեր գործընկերը պետք է վերադառնար հարազատ հեռուստաալիք: Շուտով հանձնեց սցենարի առաջին սևագիրը, որը կիսատ մնաց:
 
Հենց Սոսիի նախագծած կառուցվածքով էլ կնկարահանենք ֆիլմը…
 
Բոլորս ցնցվեցինք սարսափելի լուրից: Լույս իջնի հոգուդ, սիրելի ընկեր»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն