ԱՀ ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ

02-03-2021 17:52:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Մարտի 2-ին  Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
 
Լսումները նախագահում էր Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Հարակից զեկուցումներով հանդես եկան օրինագծի
համահեղինակներ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը և Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
 
Արամ Հարությունյանը, նախքան օրինագծի հիմնավորմանն  անցնելը, խոսեց նախագծի հանրային լայն քննարկում ունենալու մասին: Համաձայն օրինագծի համահեղիակների ներկայացրած հիմնավորումների՝ օրենքում փոփոխություններն ու լրացումները բխում են՝ առավելապես «հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը »: Մետաքսե Հակոբյանը  ողջունեց ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների բաց նամակում ներկայացված տեսակետը, ըստ որի առաջարկվում է ռուսերենն  ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում: Համահեղինակը հավաստիացրեց,որ առաջարկը կքննարկվի և հաշվի կառնվի վերջնական տարբերակը մշակելիս: Նման առաջարկ եղավ նաև «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության  կողմից:
 
Լսումներն ուղեկցվեցին պատգամավորների և շահագրգիռ
անձանց կողմից հնչեցված հարց ու պատասխաններով:
 
Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկներ եղան օրինագծի ձևակերպումները դարձնել առավել հստակ, կոնկրետ, համոզիչ փաստարկներով, իսկ  հանրությանը ներկայացնել հասկանալի և ըմբռնելի հիմնավորումներ: Արցախի Հանրապետության ԿԳՍՄ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանն ողջունեց նման կենսական հարցի հանրայնացումը, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ անձանց ակտիվությունը և առաջարկեց ռուսերենին տալ ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ:
 
Լսումների ավարտին Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվելու են հանձնաժողովային և ավելի լայն շրջանակներում:
 
Լսումներին ներկա էին ԱԺ նախագահը, պատգամավորներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, ԱԺ-ում արտադրական փորձուսուցում անցնող ուսանողներ:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
 
 լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 153 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար