Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) տնտեսական բաղադրիչները

02-03-2021 18:00:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Փետրվարի 10-ին Եվրոպական միությունը Հայաստանին ծանուցեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և
ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման գործընթացի ավարտի մասին: Այն ուժի մեջ է մտել երեկվանից՝ մարտի 1-ից։
 
Համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում և սպասում էր ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից վավերացմանը։
 
Այն նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։
 
Այս համաձայնագիրը, ըստ էության, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հերթական փուլն է, որն իրենից ենթադրում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացում ու ամրապնդում, մուտքի արտոնագրերի դյուրացում, մարդու (աշխատողների, սպառողների) իրավունքների պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդում, բիզնես միջավայրի թափանցիկություն, ժողովրդավարական հասարակության կառուցման, պետական կառավարման և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների հերթական փուլի մեկնարկ։
 
Սույն հոդվածում կխոսենք այս համաձայնագրի տնտեսական բաղադրիչի մասին և կփորձենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ են ստեղծվելու հայրենի տնտեսության զարգացման համար սրա շնորհիվ։
 
Առևտրաշրջանառություն
 
2009-ից Հայաստանն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), իսկ արդեն 2014-ից Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ-ն ընդգրկվել էր ԵՄ վերանայված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 
 
 
Համաձայնագրի կիրառման արդյունքում կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի և նմանատիպ տեղական արտադրանքի միջև։
Չնայած դրան՝ Եվրոպական միության անդամ երկրները Հայաստանից գնում են գլխավորապես հանքահումքային արտադրանք, քանի որ տեղական արտադրության ստանդարտների անհամապատասխանությունը լուրջ խոչընդոտ է այն եվրոպական սպառման շուկա հասցնելու համար։
 
 
Ի դեպ, վերջին տարիներին Հայաստանից դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանումը կտրուկ անկում է ապրել, և եթե 2018-ին Հայաստանից դեպի ԵՄ անդամ երկրներ ապրանքների արտահանումը կազմել էր 684 մլն դոլար (արտահանման 28․4 տոկոսը), ապա 2019-ին այս ցուցանիշը նվազեց ավելի քան 100 մլն դոլարով՝ 583 մլն դոլար (22․1 տոկոս), իսկ արդեն նախորդ տարի Հայաստանը ԵՄ անդամ երկրներ է արտահանել մոտ 430 մլն դոլար արժեքով հայկական արտադրանք, որը կազմում է արտահանման ընդամենը 16․9 տոկոսը։
 
Որպես օրինակ նշենք, որ հայկական կոնյակի դեպքում համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 24 տարի հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել, փոխարենը՝ այդ ժամանակահատվածում ԵՄ-ն կօգնի հայկական կոնյակ արտադրողներին վերաբրենդավորման գործընթացն ավարտին հասցնել և նոր անվանումով կոնյակը ազատ մուտք կունենա ԵՄ շուկա։
 
Հիշեցնենք, որ այս պահին հայկական կոնյակը «կոնյակ» անվանմամբ արտահանվում է նախկին ԽՍՀՄ անդամ երկրներ, իսկ ԵՄ արտահանելու համար օգտագործվում է «բրենդի» անվանումը։
 
Սա նշանակում է, որ ստանդարտների ներդրումն ու համաձայնագրի ստեղծած հնարավորությունների համատեղումը փոքր ու միջին բիզնեսին եվրոպական շուկայում մրցունակ ու պահանջված արտադրանք հասցնելու մեծ հնարավորություն է տալիս։
 
Համաձայնագիրը ենթադրում է նաև ֆինանսական, տրանսպորտային, էներգետիկ և միջուկային անվտանգության ոլորտներում համագործակցության խորացում։
 
Ֆինանսներ
 
Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին՝ ապահովելու Կենտրոնական բանկի անկախությունը և գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները և արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։
Համաձայնագրի շնորհիվ կողմերը պետք է բարելավեն միջազգային համագործակցությունը նաև հարկային ոլորտում, դյուրացնեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը, իրականացնեն հարկային ոլորտի թափանցիկություն և հարկային արդար մրցակցությանն ուղղված բարեփոխումներ։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել համագործակցությունը տրանսֆերային գնագոյացման և հակաօֆշորային կարգավորման հարցերում։
 
Տրանսպորտ
 
Կողմերը պետք է ընդլայնեն և ամրապնդեն տրանսպորտի ոլորտում իրենց համագործակցությունը՝ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացմանը նպաստելու նպատակով, խթանեն արդյունավետ, ապահով և անվտանգ տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև փորձեն ընդլայնել իրենց տարածքների միջև հիմնական տրանսպորտային հաղորդակցության ուղիները։ 
 
Համագործակցությունը միտված է նաև ուղևորների և ապրանքների տեղաշարժի բարելավմանը՝ մեծացնելով տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկությունը, խթանելով միջսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը՝ վարչական, տեխնիկական և այլ տեսակի խոչընդոտները վերացնելու միջոցով, ընդլայնելով գոյություն ունեցող տրանսպորտային ցանցերի շահագործումը և զարգացնելով կողմերն իրար կապող հիմնական ենթակառուցվածքները։
 
Կողմերի միջև փոխադարձ առևտրային կարիքներին հարմարեցված օդային տրանսպորտը պետք է համակարգված զարգանա և աստիճանաբար ազատականացվի։ 
 
Միջուկային անվտանգություն
 
Համաձայնագրի կիրառման արդյունքում նախատեսվում է ԵՄ-ի կողմից աջակցություն՝ Մեծամորի ԱԷԿ-ի փակման ու անվտանգ ապագործարկման հարցում, ինչպես նաև փոխարինող հզորությունների զարգացում։
 
Հաշվի առնելով այն փաստը, որ Մեծամորի ատոմակայանի մասնաբաժինը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմում է մոտ 40 տոկոս՝ դրա փակումը լուրջ էներգետիկ խնդիրների առջև կկանգնեցնի Հայաստանին։
 
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և ատոմակայանի փոխարինման անհրաժեշտությունը՝ համաձայնագիրը նախատեսում է նաև դրա փոխարինման գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունում։
 
Այլ կերպ ասած՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է հնարավորինս կարճ ժամկետներում ատոմակայանի հզորություններին համարժեք էներգիայի նոր աղբյուրների ստեղծում։
 
Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակման և դրան փոխարինող էներգիայի աղբյուրների ստեղծման կարևորության մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով։
 
Ամփոփելով՝ փաստենք, որ համաձայնագրի վավերացումն ու կիրառումը հնարավորություն է տալիս ապագայում տնտեսության մի շարք ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների շնորհիվ առավել սահուն ինտեգրվել Եվրամիության տնտեսական բլոկին։
 
Սևադա Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 156 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար