ՔԿ-ում վարույթ է ընդունվել Գոգոլի անվան դպրոցի տնօրենի կաշառք ստանալու գործը


ՔԿ-ում վարույթ է ընդունվել Գոգոլի անվան դպրոցի տնօրենի կաշառք ստանալու գործը

  • 02-03-2021 18:53:44   | Հայաստան  |  Իրավունք

 
Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի հանգամանքները:
 
Նախնական տվյալներով՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող, Ն.Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած և 2019 թ. ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված աշակերտին 2020թ. հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու դիմաց 2020 թ. օգոստոս ամսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով աշակերտի ծնողից որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ ընդհանուր 145.575 ՀՀ դրամ գումարին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումար, որի փոխարեն վերջինս կաշառք տալու միջնորդ հանդիսացած ծնողին է փոխանցել ընդհանուր 150.000 ՀՀ դրամ գումար:
 
Այնուհետև, 2021 թ. փետրվարի 16-ին նույն դպրոցի տնօրենը, կաշառք տվող ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ պահանջված 300 ԱՄՆ դոլարից իրեն է փոխանցվել ընդամենը 100 ԱՄՆ դոլար, պահանջել է 104.984 ՀՀ դրամ գումարին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար:
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով:
2021թ. մարտի 2-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք