Հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել. Գոռ Աբրահամյան

03-03-2021 10:56:17   | Հայաստան  |  Հասարակություն



 
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել, որոնց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ:
 
Դեպքերից երկուսը կապված են «Yerkir.am» լրատվական կայքի լրագրող Լիանա Սարգսյանի հետ: 
Մասնավորապես, մի դեպքում, փետրվարի 24-ին Լիանա Սարգսյանը հաղորդում էր տվել Ոստիկանությունում
այն մասին, որ «Ազատության» հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձինք խոչընդոտել են իր աշխատանքին, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն:
 
Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, երբ Լիանա Սարգսյանի ձեռքից խլել ու պատռել էին հարցադրում պարունակող պաստառը և հրել նրան: 
 
Երրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Խուլյանի և Կարեն Չիլինգարյանի հետ, երբ ընդդիմության կողմից անցկացվող երթի լուսաբանման պահին հարձակվել էին նրանց վրա, խանգարել աշխատանքին, առերևույթ հարվածներ հասցրել նրանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:  
Վերջին երկու դեպքերի վերաբերյալ տեսանյութը, հրապարակումներն ու գրառումները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության միջոցով ուղարկվել էին Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված
կարգով նյութեր նախապատրաստելու համար:  
Արդյունքում վերոնշյալ երեք դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ`  նախաքննություն կատարելու և դեպքերի հանգամանքները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության միջոցով պարզելու նպատակով»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 73 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար