Ավարտվել է ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը
04-03-2021 11:33:29 | Արմավիրի մարզ | Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 33-ամյա ցմահ դատապարտյալը 2020թ. մարտի 30-ին, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, փորձել է ձեռք բերել խոշոր չափերի՝ 12,91 գրամ քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուրջ պայամանավորվածություն է ձեռք բերել քննությամբ դեռևս չպարզված անձի հետ:
Վերջինս տնայնագործական եղանակով պատրաստել է խոշոր չափի՝ 12,91 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որը քողարկված ձևով դատապարտյալին իրացնելու համար տեղավորել է թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների, այնուհետև՝ թեյի գործարանային տուփի մեջ և այլ իրերի հետ փաթեթավորելով՝ պատրաստել հանձնուք, ինչը, ըստ պայմանավորվածության, պետք է փոխանցվեր դատապարտյալին:
Թմրամիջոց պարունակող հանձնուքը ՔԿՀ տեղափոխելու և այն իրեն փոխանցելու վերաբերյալ դատապարտյալը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ավտոմեքենայով տաքսի ծառայություններ մատուցող, ՔԿՀ-ում պահվող տարբեր անձանց համար ծանրոցներ տեղափոխող, Էջմիածին քաղաքի բնակչի հետ, որը հանձնուքն իր ավտոմեքենայով տարել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և փորձել փոխանցել դատապարտյալին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուքի զննման ժամանակ հայտնաբերել են թեյի փաթեթներում քողարկված թմրամիջոցը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ցմահ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձ) 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Թմրամիջոցը պատրաստողի և իրացնողի մասով վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: