Կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվել. վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները


Կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվել. վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները

  • 04-03-2021 11:36:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ, ինչն վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացնող է համարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության մարտի 4-ի նիստի սկզբում վարչապետն անդրադարձավ համավարակի տարածմանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրեց վերջին ժամանակահատվածի տվյալները:
 
Մարտի 4-ին հրապարակված ցուցանիշներով 2 հազար 922 հետազոտությունից արձանագրվել է 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ «Եթե հունվար-փետրվարին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա մեր կանխատեսումներով հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ պետք է վերադառնալ դիմակների կրման ու այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը։
 
«Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է մեր կողմից ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը։ Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել, որ առաջիկա օրերին՝ մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք շարժի ավելացում և առևտրային կենտրոններում, և հյուրատներում, ուստի խնդրում ու հորդորում եմ, որ տրանսպորտում, առևտրի կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողություն իրականացվի։ Անկախ հսկողությունից էլ մեր կարգապահությամբ պետք է ներդրում ունենանք՝ պաշտպանելու մեր առողջությունը, տնտեսությունը և ստեղծենք հնարավորություն պահպանելու կառավարելի շրջանակներում»,- ասաց  նախարարը։
 
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ արդեն վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ «Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Բայց անգամ եթե ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը շուրջ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»,- նշեց նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play