Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտը


Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտը

  • 04-03-2021 11:45:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հավանություն տվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախաձեռնությամբ նախատեսվում է ավելացնել Երևանի քաղաքապետի տեղակալի ևս մեկ պաշտոն:
 
Ըստ հիմնավորման, Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երևանի
քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ
կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:
 
Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:
 
Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն