Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա են ավելցուկային քաշ և ճարպակալում. ԱՆ


Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա են ավելցուկային քաշ և ճարպակալում. ԱՆ

  • 04-03-2021 12:42:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը և ճարպակալումը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների զարգացման ռիսկի գործոն են:
 
Վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ (բնակչության 39%) ունեցել է ավելորդ քաշ, որից 650 մլն (13%)՝ ճարպակալում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:
 
2019 թվականին ԱՀԿ-ի իրականացրած հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա ունի ճարպակալում կամ հավելյալ քաշ:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են:
 
STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում: Տղամարդկանց մոտ ավելցուկային քաշի և ճարպակալման ցուցանիշները կազմել են 45.4%, իսկ կանանց մոտ` 50.1%: Ավելցուկային քաշն ու ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ` 45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:
 
Ժողովրդագրության և առողջության հարցերի 2015 թ. հետազոտության տվյալների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 15%-ն ունեցել է ավելորդ քաշ կամ գիրություն: Ըստ դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 18%-ի և տղաների 26%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ գիրություն, սակայն 15 տարեկանում այս թվերը նվազում են՝ աղջիկների շրջանում հասնելով 6%-ի և տղաների` 15%-ի:
 
Ավելցուկային քաշի ու ճարպակալման կանխարգելման տեսակետից մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը և ընդունման ձևը, քանի որ ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ քանակությունը կարող է վատթարացնել մարդու առողջությունը: STEPS ազգային հետազոտության տվյալների համաձայն՝ բնակչության 10-ից 4-ն օգտագործում է 1-2 չափաբաժին, ինչն ըստ ԱՀԿ խորհրդատվության, բավարար չէ առողջ սննդակարգի համար և ավելացնում է ՈՎՀ առաջացման ռիսկը:
 
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների (2017-2018թթ.) համաձայն` 11-15 տարեկան դեռահաս աղջիկների 66%-ը, տղաների 57%-ը oրական առնվազն մեկ անգամ միրգ են օգտագործում: 17 տարեկանների շրջանում այս թիվը հասնում է 53%-ի: Բանջարեղենի օգտագործումը 11-15 տարեկան աղջիկների շրջանում կազմում է 51%, տղաների շրջանում`43%, 17-տարեկանների շրջանում` 41%:
 
Հայտնի փաստ է, որ ռիսկի գործոնների նվազեցման միջոցով ՈՎՀ-ի կանխարգելումը բազմապատիկ ծախսարդյունավետ է, քան դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված միջոցառումները: Ընդ որում, այդ գործոնների շարքում առավել վճռորոշ է առողջ սննդային վարքագծի ձևավորումը՝ սկսած վաղ մանկությունից, ներառյալ 6 ամիս բացառապես կրծքով կերակրումը և ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում առավել քան անհրաժեշտ է վերահսկել մարմնի զանգվածը, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրությունները փաստում են ավելցուկային քաշի/ճարպակալման և կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի միջև պատճառահետևանքային կապը: Ճարպակալում ունեցողների մոտ առկա են հիվանդություններ, որոնք վատթարացնում են COVID-19-ի ընթացքը. 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ճարպակալումը խթանում է թոքաբորբի արագ զարգացումը:
 
Համավարակի պայմաններում առավել կարևոր է հետևել առողջ սննդակարգին, լինել ֆիզիկապես ակտիվ և հետևել բժշկի ցուցումներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն