ՏՄՊՊՀ-ն հրավիրում է մասնակցել մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակմանը
04-03-2021 14:25:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովի կողմից նախօրեին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենքների փաթեթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս անց, որից հետո նախատեսվում է մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում։ Դրանց թվում են․
1.Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը,
2.Ապրանքային շուկաների որոշման կարգը,
3.Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը,
համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը,
4.Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը,
5.Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակներում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը,
6.Չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը,
7.Պետական օժանդակության գնահատման կարգը։
Հրավիրում ենք շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտներին մասնակցելու վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի մշակմանը։
Աշխատանքներին մասնակցելու ցանկության դեպքում կարող եք մինչև օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելը դիմել Հանձնաժողով` info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնելով հետադարձ կապի տվյալները, ինչպես նաև այն ակտի
անվանումը, որի մշակման աշխատանքներին մասնակցության նպատակով ներկայացվում է դիմումը: