Գումար կհատկացվի ՀՀ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար


Գումար կհատկացվի ՀՀ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար

  • 04-03-2021 14:55:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշմամբ Տավուշի մարզպետարանի կհատկացվի ավելի քան 234 մլն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին հրետակոծությունից վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար:   «Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պորակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլ դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքերն  ավարտելու համար՝  161.6 մլն դրամ»,-ասել է նախարարը: 
 
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվող աշխատանքների, այդ թվում  պուրակի վերաբերյալ. «Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել և պարոն Պապիկյանի, և մարզպետարանի հետ: Խնդիրները լուծված են, ձևակերպումները մեկ հողամասի ավարտված է, մյուսն ավարտման փուլում է: Որոշումն ընդունելուն պես մենք անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարությունը:  Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Այս որոշմամբ տրամադրվող գումարով մինչև աշուն կիրականացվեն տան ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ ենք, որոնք նախատեսվում ենք ավարտել  մինչև տարեվերջ: Դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով»:
 
Անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներին՝ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ դրանք նույնպես ավարտվել են: «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները:  Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի նույնպես մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն