Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են հետագա գործակցության հնարավորությունները


Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են հետագա գործակցության հնարավորությունները

  • 04-03-2021 15:22:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
 
Դմիտրի Գվինդաձեն նախարարին ներկայացրել է ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղությունները, տնտեսության այն ոլորտները, որտեղ վերջին տարիներին ուղղվել են ՎԶԵԲ-ի ռեսուրսները և Հայաստանում իրականացված գործառնությունները/ծրագրերը։ 
 
Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները՝  նշելով,  որ Հայաստանի տնտեսությունը արդիականացնելը կարևոր խնդիրներից մեկն է, ինչպես նաև այն ուղղություններն ու ոլորտները որտեղ կարելի է համագործակցել։  
 
Մտքեր են փոխանակվել պետություն-մասնավոր հատված համագործակցության (ՊՄԳ), կորպորատիվ կառավարման, կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության,  ֆինանսական միջոցների հասանելիության, վենչուրային հիմնադրամների, հրեշտակային ֆոնդերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, գործակցության այլ հեռանկարային ուղղությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել կանաչ տնտեսության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի, ջրամբարաշինության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանը: 
 
Նախարարը նշել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում հանրային ներդրումների շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման՝ արդյունաբերական պարկերի ստեղծման հնարավորությունների, ջրային ոլորտի ենթակառուցվածների արդիականացման ուղղությամբ։  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն