Ինչ է փոխվում Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում․ Ղոմ, օդանավ, հերոին
04-03-2021 15:32:35 | Հայաստան | Վերլուծություն
Իրանական Ղոմում տեղի է ունեցել կոնֆերանս, որին մասնակցում էին տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ, այս թվում Ռուսաստանից, բայց ոչ Հայաստանից։ Կոնֆերանսում հնչեցին «Ադրբեջանի տարածքների ազատագրման, հայերի անվտանգության ապահովման և միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտության մասին» դրույթներ: «Արցախը իսլամի տարածք է», ասվել է կոնֆերանսում։ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին կրկնել է Արցախի հայկական օկուպացիայի պնդումները։
Ինչպես գրում է Պավել Դալլաքյանը, «հակահայ հոխորտանքի հեղինակները պետք է նկատի ունենան դրա ազդեցությունը հայ-իրանական կապերի վրա՝ Իրանին իսրայելական հավանական հարվածի հեռանկարում»:
Կարելի՞ է արդյոք համարել, որ Իրանը փոխել է իր «չեզոք» վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։ Կբերի՞ նման վերաբերմունքը Հայաստանի՝ այլ երկրների հետ համագործակցության ակտիվացմանը, որը մինչ այսօր սահմանափակվում է Իրանի չեզոք դիրքորոշումով։ Եւ արդյոք նման փոփոխությունները կապ ունեն երկու մութ պատմությունների հետ։
Բանակցություններ են տարվում Իրանում հայտնված Boeing-ը Երեւան վերադարձնելու շուրջ, մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Իրանում ինքնաթիռի հայտնվելու խորհրդավոր պատմությունը դեռ պարզված չէ: Էստոնիայից Ուկրաինա թռչող ինքնաթիռը, չգիտես ինչու, հայտնվել է Իրանի օդային տարածքում, որտեղ հետագայում տեխնիկական վայրէջք է կատարել:
Երեկ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա:
Հիշեցնենք, որ նույն օրը ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է տարեկան զեկույցը թմրանյութերի միջազգային տարանցման մասին։ Ըստ պետքարտուղարության զեկույցի՝ Հայաստանը ապօրինի թմրանյութերի շրջանառության առումով հիմնականում տարանցիկ երկիր է, որի միջոցով Աֆղանստանից և Իրանից թմրանյութերը տեղափոխվում են Եվրոպա և Ռուսաստան:
Ըստ զեկույցի՝ մինչ այժմ երկրում թմրամիջոցների հետ կապված որևէ լուրջ ձերբակալություն չի գրանցվել կամ չեն հարուցվել բարձր մակարդակում քրեական գործեր, իսկ խոշոր բեռնափոխադրումների խափանումները եղել են հազվադեպ:
Պետքարտուղարության կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության պատճառով, մինչև 2020 թ-ի վերջը ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի մաքսային ծառայությունները չեն գործել Իրանին սահմանամերձ Արաքս գետի երկայնքով: Զեկույցը ենթադրում է, որ դրա արդյունքում այստեղով կազմակերպվում էր Իրանից թմրամիջոցների անխափան հոսք:
Զեկույցում մատնանշվում է թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին: ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությունները համատեղ աշխատանք են տարել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ՝ հերոինի խոշոր վաճառողների դեմ բազմաթիվ հետաքննությունների շրջանակում: