Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

04-03-2021 19:05:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է
Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
 
Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել
ով, որ ՀԲ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:
 
Սեբաստիան Մոլինեուսն արտահայտել է իր ուրախությունը Հայաստան կատարած այցելության առթիվ՝ նշելով, որ, թեև նախորդ տարին լի էր դժվարություններով և ծանր արդյունքներով, սակայն այսօր նա Հայաստանում տեսնում է հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ: Այդ համատեքստում նա արտահայտել է ՀԲ-ի պատրաստակամությունը շարունակելու ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև նախանշելու այն ոլորտները, որտեղ համատեղ աշխատանքի հնարավորություններ կան:
 
Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ անդրադառնալով «Տնտեսական արձագանքման ծրագրին» և դրա մի քանի բաղադրիչներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը, տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի արտադրությանը, կապիտալ և քաղաքաշինական ծրագրերին: Տիգրան Ավինյանը ընդգծել է «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարևորությունը տնտեսության վերականգնման և այն նորմալ զարգացման ուղու վրա կրկին դնելու տեսանկյունից:
 
Անդրադարձ է եղել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է այս հարցում արդեն իսկ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այս տարի արդեն հասանելի կլինի էլեկտրոնային ստորագրության գործիքը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսվում է ամբողջությամբ գործարկել վերոնշյալ շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը:
 
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները առողջապահության, կրթության, էներգիայի, գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Կողմերը ընդգծել են տեխնոլոգիական առաջընթացի համաշխարհային ժամանակակից նվաճումների տեղայնացման անհրաժեշտությունը նշյալ բոլոր ոլորտներում, ինչն էականորեն նպաստելու է պետության զարգացմանը և տեխնոլոգիական փոխակերպմանը: Հանդիպման օրակարգում էին նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, համավարակի հաղթահարմանն ուղղված անելիքների, դրա հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների, ինչպես նաև կլիմայի փոփոխության ու կանաչ տնտեսության ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 233 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար