ԱԱԾ-ն չի հիմնավորում լրագրողների աշխատանքը սահմանափակելու իր պահանջը
05-03-2021 11:33:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնական կայքում հրապարակվել էր «Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների» վերտառությամբ լրատվական նյութը, որում արտահայտված պահանջը սահմանում է լրագրողական աշխատանքի սահմանափակումներ։ Այս մասին նշված է ՀՔԱՎ տարածած հաղորդագրությունում
ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պայմանավորված անվտանգության նկատառումներով և ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացմամբ՝ տվյալ վայրերում լուսաբանման նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ ԱԱԾ՝ հաղորդագրության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Մասնավորապես` մենք հրավիրել ենք ԱԱԾ ուշադրությունը՝ պահանջի հիմքում ընկած իրավական հիմնավորումների վրա՝ փորձելով պարզել, թե ինչքանով է օրինական և իրավաչափ նման պահանջը։