Մարտի 7-ին Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը


Մարտի 7-ին Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը

  • 05-03-2021 13:08:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի մետրոպոլիտենը մարտի 7-ին կնշի հիմնադրման 40-ամյակը: «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ 12.1 կմ երկարությամբ սպասարկվող ուղիով մետրոյի շարժակազմը բաղկացած է 45 վագոնից, այս պահին գլխավոր գծերում աշխատում է 11 շարժակազմ՝ բաղկացած 2-3 վագոնից: Չարբախ-Շենգավիթ ուղեհատվածում աշխատում է 2 մեկվագոնանի շարժակազմ:
 
«Վագոնային պարկը հագեցած է տարատեսակ խնդիրներով, որոնք գտնվում են մեր ամենօրյա հսկողության տակ: Իրենց սպառած սարքավորումներն ու համակարգերը ուղղակի պետք է փոխարինվեն նորերով, որովհետև շատ դեպքերում, հաշվի առնելով հանգամանքը, որ դրանք արտադրությունից դուրս են եկել, մեր սպասարկող անձնակազմի համար առաջանում են մեծ խնդիրներ: Բայց յուրաքանչյուր շարժակազմ գիծ դուրս գալուց առաջ մեր հմուտ վարպետների կողմից ենթարկվում է տեխնիկական զննման»,- նշեց Ավետիսյանը:
 
«Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ հաշվի առնելով ներքաղաքական վիճակը՝ «ճոխ միջոցառումներ» հոբելյանի առիթով չեն կազմակերվի, բայց չեն էլ կարող քաղաքացիներին չհիշեցնել, որ «Երևանի Մետրոպոլիտենը» 40 տարեկան է:
 
«Մետրոպոլիտոնում շատ հաճախ են իրականացվում մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, այս ֆոնի վրա, միանշանակ, մեզ մոտ «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում ցուցահանդեսներ կլինեն՝ նվիրված մետրոյի 40-ամյակին: Եվ այն աշխատակիցները, որոնք ունեն երկարամյա աշխատանքային փորձ, անպայման կարժանանան ուշադրության»,- նշեց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ այցելուները կտեսնեն մետրոպոլիտենի շինարարությունից մինչ օրս դրա աշխատանքի ու գործունեության մասին պատմող ցուցանմուշներ ու նկարներ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն