Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը

05-03-2021 19:20:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 5-ին կազմակերպել է խորհրդակցություն՝ 2020 թ․ հունիսի 11-ին Կառավարության նիստում հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը քննարկելու նպատակով։
 
Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։
 
Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը, հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական
պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։
 
«Համարակալման աշխատանքները պլանավորվում էր իրականացնել դեռևս անցած տարի, բայց, ցավոք, պատերազմի պատճառով այդ գործընթացը հետաձգվեց: Սակայն նույնիսկ այդ պայմաններում կառավարությունն այս ծրագիրն առաջնահերթ համարեց և այս տարի մենք կփորձենք այն իրականացնել», - նշել է Տիգրան Գաբրիելյանը, հավելելով, որ ընթացիկ տարվա
մայիս-հունիս ամիսների ընթացքում արդեն իսկ նախատեսվում է մեկնարկել համարակալման գործընթացը։
 
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կենդանիների համարակալումը կիրականացնեն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցող, հատուկ վերապատրաստման դասընթացներին մասնակցած անասնաբույժները, ովքեր կհամարակալեն, կգրանցեն և էլեկտրոնային համակարգ կմուտքագրեն համապատասխան տվյալները։
 
 
 
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում ՍԱՏՄ-ին  վերապահված է գործընթացի վերահսկողության և սպանդանոցային մորթի լիարժեք կազմակերպման հետ կապված կարևոր գործառույթ։ 
 
«Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում մինչև վերջերս սպանդանոցների քանակը բավարար մակարդակի չէր, որպեսզի լիարժեք վերահսկողություն իրականացնեինք, բայց այս տարվա մարտի 1-ից մենք անցել ենք 5-րդ ձևի վերահսկման ուժեղացված ռեժիմին և դա լինելու է շարունակական»,- նշել է Նարեկ Հայրապետյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունավետ իրականացման, համարակալողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համարակալման և գրանցման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման, ինչպես նաև համայնքներում ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման ու խորհրդատվության տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 188 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար