Վերսկսվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 1-ին և 2-րդ դրամաշնորհային ծրագրերը


Վերսկսվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 1-ին և 2-րդ դրամաշնորհային ծրագրերը

  • 05-03-2021 19:10:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։  
 
Մինչև ս․թ․ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման  հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը:
 
Տեղեկացնենք, որ պատերազմի ընթացքում՝ երկրի առաջնահերթ կարիքները հոգալու անհրաժեշտության թելադրանքով, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում անցկացված դրամաշնորհային մրցույթների հաղթողների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և գումարների փոխանցման գործընթացը սառեցվել էր, և տվյալ միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։
 
ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։ 
 
Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանում Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում 64 ընկերություններ կստանան պետական դրամաշնորհներ, ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամ բյուջեով՝ հետևյալ համամասնությամբ.
 
- մինչև 10 մլն դրամ՝ 23 ընկերություններ,
 
- մինչև 20 մլն դրամ՝ 41 ընկերություններ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն