Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին

  • 05-03-2021 18:40:14   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժներին և շրջանավարտներին:
 
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ կենտրոնի տնօրեն տիար Միհրան Միրիջանյանը ներկայացրել է մանկավարժներին և տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հոր հետ հանդիպմանը ներկա են կենտրոնի` մայրության բերկրանքին սպասող շրջանավարտները: Տնօրենը նաև իրազեկել է կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի և սաների խնամքի կազմակերպման մասին։
 
Խոսքով հանդես է եկել նաև կենտրոնի փոխտնօրեն տիկին Նունե Գեղամյանը: Վերջինս, անդրադառնալով կենտրոնի ապագայի տեսլականներին, նշել է, որ կենտրոնը տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել և իր գործունեությամբ հատուկ խնամքի ոլորտում վստահելի գործընկերի համբավ ձեռք բերել, որի շնորհիվ այսօր արդյունավետորեն համագործակցում է պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
 
Այնուհետև ներկաներին ողջունել է և իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր բերկրանքն է արտահայտել առ այն, որ հանդիպմանը ներկա են զավակներ սպասող շրջանավարտները՝ մաղթելով Աստծու ամենախնամ Աջի մշտական ներկայությունը նրանց կյանքից ներս:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքն է հայտնել կենտրոնի տնօրենին տասնամյա նվիրյալ ծառայության ու մանկավարժներին իրենց նախանձախնդիր աշխատանքի համար՝ միտված վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցությանը: Նորին Սրբությունը, վերհիշելով իր պարբերական այցերը կենտրոն և հանդիպումները երեխաների ու պատանիների հետ, կարևոր և հանրօգուտ է նկատել կենտրոնի առաքելությունը Եկեղեցու սոցիալական ծառայությունների ընդհանուր շրջագծից ներս։
 
Հայրապետը նաև կարևորել է այն, որ կենտրոնի աշխատակազմը շարունակում է կապ պահել շրջանավարտների հետ և անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ։
 
Վեհափառ Հայրապետն ու ներկաները կիսվել են կենտրոնի հետ կապված հուշերով՝ մասնավոր անդրադարձ կատարելով նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքին։
 
Այսօր կենտրոնում խնամվում է 18 սան, շրջանավարտների թիվը 20-ն է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն