Կառավարությունը նախկին մարզպետի ընտանիքից հետ է վերցնում կենդանիների պահպանման տարածքները. աղմկոտ դրվագներ «Սաֆարի ինտերնացիոնալի» գործունեությունից


Կառավարությունը նախկին մարզպետի ընտանիքից հետ է վերցնում կենդանիների պահպանման տարածքները. աղմկոտ դրվագներ «Սաֆարի ինտերնացիոնալի» գործունեությունից

  • 05-03-2021 17:29:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի կառավարությունը որոշել է հայկական մուֆլոնի ու բեզոարյան այծի բազմացումն ու սիրողական որսը «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկության համար արգելել։ Փետրվարի 11-ին գործադիրը չզեկուցվող հարց էր ներառել «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ 
 
Դեռ 2004-ին՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, Կառավարության համապատասխան որոշմամբ Եղեգիսի կիրճի 2400 հեկտար տարածքն ու Սյունիքի մարզի Դարմանաձորի ու Գեղիի վարչական տարածքներից 495 հեկտար տարածք առանձնացվել էր անտառային ֆոնդից ու անհատույց, անժամկետ տրամադրվել «Սաֆարի ինտերնացիոնալ»-ին։ Ընկերությանը թույլատրվել էր այդ տարածքում կազմակերպել սիրողական որս, կենդանիների վերարտադրություն: Նաև թույլատրվել էր  գիտահետազոտական նպատակներով Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների համար որսալ 8 տարեկանից բարձր կենդանական աշխարհի արու ներկայացուցիչներ՝ այդ թվում  հայկական մուֆլոն և բեզոարյան այծ։ Վերջիններն ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Բնապահպանության նախարարության ու «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի միջև ժամանակին կնքված պայմանագիրը թույլ էր տալիս ցանկացած ժամանակ համապատասխան ծանուցումից հետո լուծել կնքված պայմանագիրը։ 
 
Վերջին անգամ պայմանագիրն ընկերության հետ երկարաձգվել է 2015 թվականին։ Պայմանագրով սահմանված ժամկետներում «Սաֆարի ինտերնացիոնալ»-ը պարտավոր էր նախարարությանը ներկայացնել իրենց հանձնված տարածքներում կենդանական կազմի, սեռահասակային բաշխվածության, կենդանիների օգտագործման վերաբերյալ տվյալներ։ Բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագիրը ենթադրում էր, որ այն վաղաժամկետ ու միակողմանի կարող է լուծվել, եթե վայրի կենդանիներն օգտագործվել են օրենքի խախտումներով, ստեղծվել է սպառնալիք կենդանական աշխարհի վերարտադրողականության համար և եթե ընկերությունը ստանձնած պարտավորությունները չի կատարել։ Կառավարության համապատասխան որոշմամբ, սակայն, չի հիմնավորվում, թե վերը նշված կետերից կոնկրետ որն է խախտել «Սաֆարի ինտերնացիոնալ»-ը։ 
 
«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը հիմնվել է 2004 թվականին։ Ընկերության բաժնետերը եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հետագայում ԲՀԿ-ի քվոտայով Վայոց ձորի մարզպետ նշանակված Վարդգես Մաթևոսյանը։ 2010-ին՝ վերջինիս մահից հետո, ընկերության բաժնեմասերն անցել են նրա ընտանիքի անդամներին՝ կնոջն ու զավակներին։ Ներկայումս ընկերության բաժնեմասերի 62.5 տոկոսը պատկանում է Վարդգես Մաթևոսյանի կնոջը՝ Անահիտ Հակոբյանին, իսկ մնացյալ 12.5  տոկոսը բաշխված է Արմեն, Արսեն և Նելլի Մաթևոսյանների միջև։ Նախկինում ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև ՌԴ քաղաքացի Սերջիո Դիմիտրևիչը։ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ը որսորդական գործունեություն է իրականացնում աշխարհի այլ երկրներում ՝ այդ թվում Ռուսաստանում, Տաջիկստանում, Իրանում, Ադրբեջանում ու Թուրքիայում։ Դիմիտրևիչն այս ընկերության ներկայացուցիչն է։ 
 
Մամուլը նախկինում անդրադարձել էր «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի գործունեությանը։ «Հետք»-ը 2008-ին ներկայացրել էր Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների որսում «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի դերն ու գործողությունները՝ այն որակելով որսագողություն։ Լրատվամիջոցը պարզել էր, որ 6-օրյա արշավը դեպի Եղեգիսի կիրճ, ներառյալ հայկական մուֆլոնի որսը արժեր 7900  դոլար, նույն տևողությամբ բեզոարյան այծի որսը՝ 5900 դոլար։ Հետագայում պարզվել էին որսի փաստեր՝ առանց համապատասխան թույլտվությունների։ Այժմ ընկերության պաշտոնական կայքում Հայաստանը որպես որսի ուղղություն նշված չէ, հետևաբար, որսորդական արշավի գները ևս հայտնի չեն։ Որսի սիրահարները պարբերաբար համացանցում տեղադրում էին բեզոարյան այծի կամ մուֆլոնի որսի տեսանյութեր՝ Հայաստանի այս հատվածից։ 2016-ին՝ նման հերթական տեսանյութից հետո բնապահպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ ՝  վստահեցնելով, որ անտառային հողերը մասնավոր ընկերությանը հանձնելուց հետո մուֆլոնի ու բեզոարյան այծի գլխաքանակը 12 տարում ավելացել է։ 2016-ի դրությամբ նշված տարածքներում եղել է 650 բեզոարյան այծ և մուֆլոն։ 
 
Մաթևոսյանների ընտանիքը նաև «Վի Էմ Ջի և որդիներ» ԲԲԸ-ի բաժնետերն է։ Այս ընկերությունը շահագործում է Երևանի հացի չորրորդ գործարանը, իսկ Մաթևոսյանների ազգականը՝ Արամ Մաթևոսյանը, «Գնիշիկ» և «Արփա» հիմնադրամների տնօրենն է։ Հիմնադրամները զբաղվում են Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացմամբ։
 
Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Մամիկոն Ղասաբյանը «Լուրեր»-ին ասաց՝ համագործակցություն «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ չեն ունեցել։ Միայն տարիներ առաջ որսված կենդանիներ են փոխանցվել գիտական ինստիտուտին՝ ուսումնասիրության համար։ «Շատ վաղուց մի բեզոարյան այծի ու մուֆլոնի որս է եղել ու բերվել է մեզ մոտ ինստիտուտ՝ ուսումնասիրության։ Դա է եղել, այլ բան չի եղել։ Իրենք թույլտվություն ունեին, մենք որսից հետո ուսումնասիրել ենք կենդանիների պարազիտաֆաունան»,-պատմեց Ղասաբյանը։ Վերջինս Եղեգիսի կիրճն ու Դրմանաձորի համապատասխան հողային ֆոնդը հայ-իտալական ընկերությանը տրամադրելը հիմնավորված է համարում՝ շեշտելով, որ այդ ընթացքում որսագողությունը դադարեց։ Ղասաբյանը հարց է բարձրացնում՝ ո՞վ է վերահսկելու նշված տարածքներում հնարավոր ապօրինի որսորդությունը «Սաֆարի ինտերնացիոնալ»-ից հետո. «Ես ինչքան գիտեմ, առաջին էտապում իրենք պիտի շատացնեին կենդանական աշխարհը ու շատացրել են։ Դա դրական դեր խաղաց, բեզոարյան այծերը, արջերը շատացել են։ Սեփական թե պետական նպատակներով էին պահպանում, չգիտեմ, կարևորը՝ պահպանություն կար։ Պետությունը փող չունի, շատ դժվար կլինի պահպանման համար։ Պիտի պարկ ստեղծվի, ինձ որպես մարդ հետաքրքրում է՝ ի՞նչ են անելու այդ տարածքի հետ։ Բարդ է լինելու դրա պահպանումը, եթե տիրություն անեն՝ շատ լավ է»,- ասաց Ղասաբյանը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն