Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
10-03-2021 12:09:13 | Հայաստան | Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ապօրինի ծառահատումների և պաշտոնեական հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:
Պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 1-ին Հաղարծին համայնքի բնակիչն իրեն պատկանող «Գազ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի կերպով ձեռք բերած փայտանյութ է տեղափոխել և ճանապարհին նրան կանգնեցրել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Պարզելով, որ փայտանյութի օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր չկան՝ նշված բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, և դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որը ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին:
Քրեական կամ վարչական պատասխանատվությունից խուսափելու և ապօրինի կերպով ձեռք բերված փայտանյութն իբր օրինական ներկայացնելու նպատակով բեռնատարի վարորդը խնդրանքով դիմել է նույն համայնքի մեկ այլ բնակչի, որն էլ հիշյալ անձին օգնելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետին, ով, ընդառաջելով իրեն խնդրած անձին և առերևույթ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր հերթին համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի պետի հետ, որից հետո՝ պայմանավորվածությունների շրջանակում, բեռնատարի վարորդի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կեղծ հաշիվ ապրանքագիր, որի հիման վրա` հետագայում որոշում է կայացվել այդ դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: