ԵԱՀԿ-ն ռուս-թուրքական ճնշման եւ միակ մանդատի միջեւ


ԵԱՀԿ-ն ռուս-թուրքական ճնշման եւ միակ մանդատի միջեւ

  • 15-03-2021 10:22:42   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին այցելել է Բաքու:
 
«Ադրբեջանում նախատեսված է քննարկել ղարաբաղյան հակամարտությունը եւ ԵԱՀԿ մշտական դերը հակամարտության կարգավորման գործում: Քննարկվելու է նաեւ ԵԱՀԿ ու Ադրբեջանի միջեւ համագործակցության ամրապնդման հարցը», նշված է հաղորդագրությունում:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման միակ մանդատն ունեն: Ընդ որում, 2015 թվականից ԵԱՀԿ-ն գրասենյակ չունի Ադրբեջանում, իսկ 2017 թվականից՝ Հայաստանում, Ադրբեջանի պահանջով: Ի դեպ, 2008 թվականից ԵԱՀԿ-ն գրասենյակ չունի Թբիլիսիում, ուր տիկին Լինդեն այցելել էր մեկ ամիս առաջ:
 
Փաստորեն, կազմակերպությունը, որը պետք է զբաղվի ԵԱՀԿ անդամ 57 երկրների անվտանգությամբ, գրասենյակ չունի Հարավային Կովկասի ոչ մի երկրում: 2015 թվականից, երբ սկսվեց ռուս-թուրքական «նոր քաղաքականությունը», եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ Հարավային Կովկասի բաժանումը շարունակելու ծրագրեր էին մշակվում, տարածաշրջանից սկսեցին դուրս մղվել «օտար» ուժերը:
 
Այն ժամանակ Ադրբեջանի նախագահը մեղադրեց կազմակերպությանը ղարաբաղյան խնդրով Բաքվի ներկայացուցչության վրա ճնշում գործադրելու մեջ: Մասնավորապես, խոսքը գրասենյակի ղեկավարի՝ ադրբեջանական ծագմամբ ֆրանսիացի Ալեքսիս Շախթախթինսկու վրա ճնշման մասին էր՝ Ադրբեջանի ղեկավարության հետ վերջինիս սերտ կապերի համար: Դա էր ոչ երկիմաստորեն մատնացույց անում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ կոչ անելով Շախթախթինսկուն ավելի սերտ աշխատել քաղաքացիական հասարակության, այլ ոչ թե իշխանությունների հետ:
 
2017 թվականին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը չկարողացավ կոնսենսուսի հասնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության երկարաձգման հարցում: Բաքուն վետո դրեց կազմակերպության բյուջետային որոշման վրա՝ իր դիրքորոշումը բացատրելով ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի փակման պահանջով: Բաքուն նշում էր, որ անթույլատրելի է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կողմից Ղարաբաղում ականազերծման նախագծի իրականացումը: Բաքուն կարծում էր, որ ականազերծումն ուղղված էր իր համար անընդունելի ստատուս-քվոյի պահպանմանը:
 
Կորոնավիրուսի պատճառով արդեն մեկ տարուց ավելի է չի աշխատում մոնիտորինգային առաքելությունն Արցախում, որն իր աշխատանքը չվերականգնեց անգամ աշնանային պատերազմից հետո: Ավելին, ԵԱՀԿ համանախագահներն ամբողջ կազմով չեն ժամանել տարածաշրջան ու չեն վերսկսել բանակցությունները:
 
ԵԱՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում այն անդամներին, որոնց գործողությունները հանգում են նրա մանդատը չեզոքացնելուն:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն