Գյումրիում կատարված սպանության գործի նախաքննությամբ բացահայտվել են որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության դեպքեր
17-03-2021 13:38:38 | Շիրակի մարզ | Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին Գյումրիում 35-ամյա տղամարդու սպանության և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության դեպքերի բոլոր հանգամանքները, միջադեպերին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությունից ժամեր առաջ՝ 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի 34-ամյա բնակիչն ընկերների հետ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի և նրա ընկերների հետ, որի ժամանակ որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ, բռնություն է գործադրվել վերջիններիս նկատմամբ: Պարզվել է նաև, որ նույն անձինք, մահակի և քարերի գործադրմամբ, վնասել են նաև կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ արդյունքում խանգարելով մոտակայքում գտնվող քաղաքացիների, հարակից շենքերի բնակիչների հանգիստը, խաթարելով երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Բռնության ենթարկված 23-ամյա երիտասարդը, չհանդուրժելով իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, վրեժի շարժառիթով, վիճաբանել է մահակով իրեն ծեծի ենթարկած անձանց հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 35-ամյա համաքաղաքացու որովայնի շրջանին, վնասելով որովայնային աորտան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նույն օրը, մինչ վերոհիշյալ միջադեպը, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ՝ 34-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների, այդ թվում՝ 35-ամյա տղամարդու մասնակցությամբ:
Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, 34-ամյա տղամարդն իր երեք ընկերների և ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, բարոյականության նորմերն արհամարհելու ներքին բավականության զգացումով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման ձգտումով, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և անցորդների, մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` վերջիններիս ներկայությամբ վիճաբանել է այլ համաքաղաքացիների հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ բռնություն է գործադրել նրանցից մեկի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին և մարմնի տարբեր հատվածներին:
Բացի այդ, 34-ամյա տղամարդը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և լինելով ոչ սթափ վիճակում, 2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրական սյանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (2 դրվագ), իսկ վերջինիս երկու ընկերներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Խուլիգանության դրվագներով, երեք մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Սպանության դրվագով և ինքնությունը դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով, հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս, ինչպես նաև՝ խուլիգանությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: