Ով է կանգնած Հայաստանի ու Արցախի միջեւ


Ով է կանգնած Հայաստանի ու Արցախի միջեւ

  • 18-03-2021 09:56:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի և Արցախի հարաբերությունները ինստիտուցիոնալ ձևակերպման կարիք ունեն։ 2019 թվականի մարտի 12-ին ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Փաշինյանը պնդում էր․ «Արցախի ժողովուրդը չի մասնակցում ընտրություններին Հայաստանում, չի քվեարկում, և դա նշանակում է, որ Հայաստանի վարչապետը չունի լիազորություններ ներկայացնելու Արցախի ժողովրդին»։ Մարտի 29-ին Վիեննայում կայացել էր Փաշինյան Ալիև հանդիպումը, և Բաքուն հայտարարել էր, որ Փաշինյանին չի հաջողվել հասնել բանակցությունների ձևաչափի փոփոխման և Արցախի ներգրավմանը բանակցություններին։

2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում վարչապետ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ արել է կարևոր հայտարարություն․ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ 2020 թ նոյեմբերի 9-ին նա Արցախի անունից ստորագրել է եռակողմ հայտարարությունը, որի համաձայն Ադրբեջանին է հանձնվել Արցախի 75 %-ը։ Արդյոք Փաշինյանի օգոստոսի 5-ի հայտարարությունը քայլ էր, որը նրան մանդատ տվեց ստորագրելու ապագա պայմանագիրը։ Եվ արդյոք այդ մանդատը լրացել է նոյեմբերի 10-ին։
 
Պատերազմից հետո Փաշինյանն այլևս չի ասել «Արցախը Հայաստան է, և վերջ» և չի գնացել Ստեփանակերտ։ Հայաստանի խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը նրա կուսակցությունն է, «նեղություն չի քաշել» նույնիսկ քննարկել 2020 թվականի պատերազմի արդյունքները կամ Հայաստանի և Արցախի հարաբերությունները։
 
Մինչդեռ, Հայաստանից Արցախի անջատումը դառնում է քաղաքական նոր սեզոնի թրենդը։ Հայաստանում զբաղված են ընտրություններին պատրաստվելով, որոնք տեղի կունենան արդեն առանց «ղարաբաղյան գործոնի» ազդեցության, որը գերակշռում էր Հայաստանի քաղաքականության։ Պատերազմի ավարտից և զորքի դուրսբերումից հետո, Արցախն ու Հայաստանը կապում են միայն սփյուռքի միջոցներով մարդասիրական հարաբերությունները։
 
Միգուցե, նաև, տուրիզմը։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, խոսելով դեպի Արցախ տուրիստական ճամփորդությունների մասին, կարեւորում է անվտանգության մասին տեղեկատվությունը։ Նրա խոսքով, վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Արցախի նկատմամբ աճել է։
 
Դեռևս 2019 թվականին գրեթե 50 տոկոսով աճել էր միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Արցախ: Այդ վիճակագրական աճը շարունակական էր: «Համոզված եմ, որ միջազգային զբոսաշրջային շուկայի հետաքրքրությունն Արցախի նկատմամբ հիմա էլ պահպանվում է: Արցախի զբոսաշրջային արդյունքը բազմազան է՝ պատմամշակութային ճանաչողական, գաստրո և գյուղական զբոսաշրջություն, համակցված զբոսաշրջային հետաքրքիր արդյունքներ ձևավորելու և ներկայացնելու առումով: Արցախի և Հայաստանի միջև ստեղծված է միջանցք, որով պետք է ապահովվի անվտանգ ու անխափան երթևեկություն բոլորի՝ այդ թվում նաև զբոսաշրջիկների համար: Արցախի պարագայում զբոսաշրջությունը շատ կարևոր է առանձնապես հումանիտար խնդիրների լուծման համար», ասել է Ապրեսյանը։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով որոշ լրագրողների և զբոսաշրջիկների Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված խնդիրները, փետրվարի 26-ին ասել է․ «Մենք բոլորս պետք հարցնենք ինքներս մեզ․ ի՞նչ ենք մենք ուզում։ Պետք է արդյոք այս փուլում զարգացնել տուրիզմը Արցախում։ Մի՞թե սա է մեր հիմնական խնդիրը։ Թե հասնել կայուն խաղաղության, փախստականների վերադարձի և նորմալ կյանքի հաստատման»։
 
Insights in Survey Research (IRI) կենտրոնի հարցման համաձայն, քաղաքացիների 92 տոկոսը կարծում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի արցախցիների վերաինտեգրումը եւ անվտանգ վերադարձը ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններ։ Միայն 9 տոկոսն է ղարաբաղյան հակամարտությունը համարում երկրի առջեւ ծառացած խնդիր։
 
Ինչ կարգախոսով Փաշինյանը կգնա ընտրություններին, եթե իհարկե չհետեւի Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդին։
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն