Արտահերթ խորհրդարանական ընտրության գնալը վատի ու վատթարագույնի միջև ընտրություն է


Արտահերթ խորհրդարանական ընտրության գնալը վատի ու վատթարագույնի միջև ընտրություն է

  • 19-03-2021 10:28:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը
 
Պարոն Սահակյան, խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպելուց հետո երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։
 
Պատերազմում կրած պարտությունից հետո ձևավորված երկու բևեռները քաղաքական ճգնաժամն այնքան էին խորացրել, որ կարծես այլ ելք չէր մնացել, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իհարկե, ընտրությունները ճգնաժամը հանգուցալուծելու առումով ամենալավ լուծումը չէ, այն ուղղակի կկոնսերվացնի կոնֆլիկտը։ Ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև է, որտեղ վատերից լավագույնը անորոշ հեռանկարով ու հետևանքներով արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։
 
Նոր Ընտրական օրենսգրքով գրեթե բացառվում է այս կարճ ժամանակում ընդունելու և անցկացնելու տարբերակը։ Ունեցած ԸՕ-ն խնդրահարույց է, ինչի մասին նաև Դուք եք խոսել։ ՔՈ-ն կմասնակցի՞ այս ընտրություններին, թե ոչ։
 
Ես չեմ կարծում, թե Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անհնար են նույնիսկ այս կարճ ժամանակամիջոցում։ Դա առավել ևս հնարավոր է այն պայմաններում, երբ համապատասխան հանձնաժողովում հարցը քննարկված է, օրենսդրությունը Վենետիկի հանձնաժողովում է և ընդունելու համար մեծ ժամանակ չի պահանջվի։ Եվ նույնիսկ եթե ամբողջ փաթեթով ընդունելը կազմակերպչական առումով խնդիր է, ապա կարելի է փոփոխել միայն ամենավիճահարույց դրույթները, օրինակ, ռեյտինգային համակարգի դուրս մղումը մեր քաղաքական կյանքից կամ անցումային շեմի նվազեցումը, որպեսզի նոր քաղաքական ուժերի մուտքը խորհրդարան հեշտանա։
 
Ընտրություններին մասնակցության հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել։ Իմ կարծիքն այն է, որ պետք է մասնակցել ընտրություններին։ Այնպես է ստացվել, որ մեզ հետ միասնական ապագայի վերաբերյալ հույսեր կապող բազմաթիվ մարդիկ կան, որոնք ճիշտ չեն ընկալի մեր չմասնակցությունը և խորհրդարանում չհայտնվելը։
 
Ընտրությունների անցկացման լավագույն ժամկետը ե՞րբ պետք էր դիտարկել։ Եվ արտահերթ ընտրություններով արդյոք որակապես այլ խորհրդարան կունենանք։
 
Ընդհանրապես, լավ ընտրությունների համար համապատասխան միջավայր պետք է լինի, որտեղ ընտրողը հնարավորություն կունենա հանգամանալից ծանոթանալ կուսակցությունների ծրագրերին, պարզաբանի իրեն հետաքրքրող հարցերը, որակյալ ընտրություն կատարի։ Մեր իրավիճակը ոչ մի չափորոշիչով չի համապատասխանում այն միջավայրին, որտեղ լավ ընտրությունները հնարավոր կդառնան։ Սրանք կլինեն հերթական ոչ ծրագրային ու ԽԾԲ-ով իրականացվող ընտրությունները, առավել ևս, եթե պահպանվի ռեյտինգային անհասկանալի ընտրակարգը։
 
Ի վերջո, այս ընտրությունները ստեղծված ճգնաժամից ելք կարո՞ղ են լինել, թե ոչ։
 
Իմ կանխատեսումն այն է, որ եթե խորհրդարանում թարմ ուժեր չհայտնվեն, մենք մի քանի տարուց նորից արտահերթ ընտրությունների կարիք կունենանք, քանի որ քաղաքական օրակարգը կշարունակի ձևավորվել փողոցում։ Երբ այս գումարման ԱԺ մասին նույն կարծիքն էինք հայտնում, դրան թերահավատորեն էին մոտենում։ Ժամանակը ցույց տվեց, որ գաղափարապես իդենտիկ, նույն քաղաքական ուժերի միջև բանավեճն իջնում է անձնական վիրավորանքների դաշտ ու ապակառուցողական մթնոլորտ ձևավորում։ Բացի դա, այս ժամանակաշրջանում որոշակի կայունացնող գործոն է եղել Իմ քայլը խմբակցության մեծամասնությունը։ Եթե բալանսը խախտվեց, ապա իրադարձությունները կարող են անկանխատեսելի զարգացումներ ունենալ։ Սա դեռ խոսում եմ միայն այն դեպքի համար, երբ բուն նախընտրական արշավն ու քվեարկության պրոցեսն առանց լրացուցիչ միջադեպերի անցնեն։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play