Ռուս «խաղաղապահների» աչքի առաջ ոչնչացվեց եւս մեկ հայկական եկեղեցի. Հայաստանը շտապ պետք է դիմի ՄԱԿ-ին


Ռուս «խաղաղապահների» աչքի առաջ ոչնչացվեց եւս մեկ հայկական եկեղեցի. Հայաստանը շտապ պետք է դիմի ՄԱԿ-ին

  • 20-03-2021 11:40:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայկական Շուշիում ավերվել է նրա խորհրդանիշերից մեկը՝ Կանաչ ժամ եկեղեցին։ Ալիեւն անձամբ է ներկա լինում վանդալիզմի գործողություններին։ Կանաչ ժամը քանդվել է ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնք Ղարաբաղում խաղաղությունը եւ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու պարտավորություն են ստանձնել։
 
Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս Արցախ մուտք գործել օտարերկրյա լրագրողներին ու արեւմտյան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Չնայած պատմական ժառանգության շարունակվող ոչնչացմանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մինչ օր չեն ժամանել Ղարաբաղ՝ պատճառաբանելով նրանով, որ Ադրբեջանը թույլ չի տալիս։ Բայց նրանք չեն փորձում Ղարաբաղ գնալ Հայաստանով։
 
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատեց արգելքը, հայտարարելով, թե «տուրիզմի ժամանակը չէ»: ՌԴ իշխանությունը փաստորեն մի ձեռքով հրավիրում է միջազգային կազմակերպություններին, մյուս ձեռքով՝ Ալիեւով, արգելում:
 
Արցախի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքի խախտումների մասին։
 
«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ», – նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:
 
Հայաստանը պատրաստվու՞մ է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Երեւանը կարո՞ղ է ուղիղ հայտարարել, որ ռուս խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարությամբ մշակութային ժառանգությունը պահպանելու առաքելություն են ստանձնել, չեն կարողանում կամ էլ չեն ուզում կատարել իրենց պարտավորությունները։ Այդ պարտավորություններն ամրագրված չեն միջազգային փաստաթղթերով, մասնավորապես, Ռուսաստանը չունի ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատ։ Հայաստանը պատրա՞ստ է դիմել ՄԱԿ-ին՝ խնդրելով միջազգային խաղաղապահ կոնտինգենտ ուղարկել։
 
«Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել», նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
 
«Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ»։
 
Մոսկվան Հայաստանին ուղիղ սպառնում է, որ «եռակողմ հայտարարության չկատարումը» եւ երրորդ երկրներին կամ կազմակերպություններին դիմելն ինքնասպանություն կլինի։ Մոսկվան այդպիսով երաշխավորում ու հովանավորում է Բաքվի գործողությունները:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play