Ինչո՞ւ է Գերագույն դատարանը բեկանել նահանգապետի՝ Սասունյանին ներում շնորհելու մերժումը. Հարութ Սասունյան


Ինչո՞ւ է Գերագույն դատարանը բեկանել նահանգապետի՝ Սասունյանին ներում շնորհելու մերժումը. Հարութ Սասունյան

  • 24-03-2021 12:35:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Անցյալ ամիս Կալիֆորնիայի Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Ս. Ռայընը բեկանեց նահանգապետ Գևին Նյուսոմի մերժումը՝ ընդունելու Ներման հարցերով հանձնաժողովի որոշումը Համբիկ Սասունյանին բանտից ազատ արձակելու վերաբերյալ։ Ես սխալ պատկերացում ունեի, որ ներման մասին նահանգապետի որոշումը վերջնական է և դատարանների կողմից վերանայման կամ փոփոխման ենթակա չէ: Պարզվում է, որ ըստ օրենքի պահանջի, նահանգապետը դիտարկում է «բոլոր առկա պատշաճ, հավաստի տեղեկությունները», և նրա որոշումները վաղաժամկետ ազատման մասին չպետք է լինեն կամայական կամ քմահաճ: Այս հոդվածը գրվել է դատավորի 19 էջանոց վճռի պատճենի հիման վրա։
 
Տողերիս հեղինակի հետ կապ չունեցող Համբիկ Սասունյանը 1984 թ․ հունիսի 29-ին մեղավոր ճանաչվեց առաջին աստիճանի սպանության մեջ և դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման հնարավորության, սակայն 2002 թ․ նրա վճիռը փոխվեց 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման, ինչը նրան վաղաժամկետ ազատվելու իրավունք տվեց։ Սասունյանը Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին սպանել է Լոս Անջելեսում 1982 թ․ հունվարի 28-ին, երբ 19 տարեկան էր։ Նա այժմ 58 տարեկան է: 
 
2019 թ․ դեկտեմբերի 27-ին Ներման հարցերով հանձնաժողովը գտավ, որ Սասունյանը բավարարում է վաղաժամկետ ազատման պահանջներին: Այնուամենայնիվ, 2020 թ. մայիսի 25-ին նահանգապետ Նյուսոմը մերժեց Հանձնաժողովի որոշումը՝ բանտարկյալի հանցագործության հիման վրա, «մեծացրեց քաղաքական կարևորությունը» և «համեմատաբար նոր» համարեց նրա մեղքի գիտակցումը։
 
2020 թ․ օգոստոսի 14-ին Սասունյանը միջնորդություն ներկայացրեց Գերագույն դատարան ՝ վիճարկելով նահանգապետի կողմից Ներման հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելը։ Նա պնդեց, որ նահանգապետի որոշումը չի հաստատվում ապացույցներով, որ եթե նա ազատ արձակվի, վտանգ կներկայացնի հասարակության համար: Սասունյանը նաև պնդեց, որ «նահանգապետը կիրարկել է վաղաժամկետ ազատման պատշաճության անօրինականորեն բարձրացված չափանիշ՝ ապօրինաբար հիմնվելով Սասունյանի կողմից կատարված հանցագործության հանգամանքների վրա»: Նա պնդել է, որ չկա որևէ ապացույց, որ նրա մոտ բացակայում է «մեղքի գիտակցումը», և «նահանգապետի եզրակացությունն այն մասին, որ Սասունյանը «բավական երկար ժամանակահատված» չի ցուցաբերել մեղքի գիտակցում ՝ անօրինական պատճառ է հանդիսանում վաղաժամկետ ազատումը մերժելու համար»:
 
2020 թ․ հոկտեմբերի 7-ին դատարանը հրահանգեց հիմնավորել գործը: Նահանգապետարանը 2021 թ․ հունվարի 11-ին ներկայացրեց իր պատասխանը՝ կրկնելով բանտարկյալի վաղաժամկետ ազատման մերժման պատճառները: Այնուհետև, 2021 թ․ հունվարի 26-ին, Սասունյանը ներկայացրեց իր պատասխանը, որով նա մերժեց իր դեմ նահանգապետի պնդումները:
 
Դատավոր Ռայընը որոշեց, որ Սասունյանի գործը չի պարունակում որևէ ապացույց՝ հիմնավորելու նահանգապետի այն պնդումը, թե նա վաղաժամկետ ազատման իրավունք չունի: Բացի այդ, դատավորը գտավ, որ նահանգապետը սխալ չափանիշներ է օգտագործել ՝ հաշվի առնելով ինչպես Սասունյանի հանցանքի «կարևորությունը», այնպես էլ նրա զոհի հայտնի լինելը, ինչպես նաև նրա կողմից մեղքը գիտակցելու նոր լինելը: Ուստի դատավորը հրամայեց ազատ արձակել Սասունյանին բանտից:
 
Դատավոր Ռայընն իր դատավճռում անդրադարձավ Սասունյանի՝ իր ծագման մասին նկարագրությանը՝ որպես «մի հայի, որը ծնվել և մինչև 13 տարեկանն ապրել է Լիբանանում։ Այս ամբողջ ընթացքում նրանք ապրել են «ակտիվ ռազմական գործողությունների գոտում և պարբերաբար տեսել դիակներ», այդ թվում ՝ կանանց և երեխաների։ Նրա հայրը հարբեցող էր, որը հաճախ շաբաթներով բացակայում էր տանից, սակայն հայցվորը [Սասունյան] լավ, ջերմ հարաբերություններ ուներ իր մոր հետ։ Նա ապրում էր իր մեծաթիվ եղբայրների ու քույրերի և բազմանդամ ընտանիքի անդամների հետ, ներառյալ տատիկն ու պապիկը, որոնք «Հայոց ցեղասպանության» զոհեր էին։ Նրա տատիկը հաճախ է հայցվորին պատմել, թե ինչպես է ցեղասպանության ժամանակ կորցրել իր ամբողջ ընտանիքը և ինչպես է միայն ինքը հազիվ փրկվել կոտորածից»:
 
Դատավորը շարունակեց. «13 տարեկանում նրա [Սասունյանի] ընտանիքը ներգաղթեց Միացյալ Նահանգներ՝ Լիբանանում բռնություններից խուսափելու համար, բայց ընտանեկան վիճակը շարունակեց մնալ ծանր: Նրանք տեղափոխվեցին Փասադենա, որտեղ մեծ թվով հայեր էին ապրում: Նա միացավ հայ սկաուտներին և Հայ երիտասարդաց դաշնակցությանը։ Հենց այստեղ նա ծանոթացավ իր հանցակցի՝ Գրիգոր «Գոգո» Սալիբայի հետ։ Նրանք ընկերացան հանցագործությունից մեկ-երկու տարի առաջ և քննարկեցին Հայաստանի ու Թուրքիայի միջև քաղաքականության ու պատմության հարցերը, ներառյալ ցեղասպանությունը: Նրանք նաև նկատի ունեցան ու քննարկեցին, որ այդ ժամանակ «շատ քաղաքական սպանություններ են եղել»: Այսինքն, «հայերը Եվրոպայում սպանում էին թուրք դիվանագետներին հիմնականում այն բանի համար, որ զայրացած էին, որ ․․․․ ցեղասպանությունից հետո Թուրքիան հերքում էր ցեղասպանությունը․․․․ Հայ երիտասարդները սրտնեղում էին դրանից և կարծում, որ Թուրքիան պետք է քայլ անի և ճանաչի ցեղասպանությունը․․․․ և երկխոսության գնա հայ ժողովրդի հետ կամ հաշտություն կնքի նրա հետ»: Քանի որ դա տեղի չէր ունենում, «հայ երիտասարդները որոշեցին դիմել բռնության .... [Նրանք] հույս չունեին, որ… Թուրքիայի հետ խաղաղ երկխոսություն կարող է լինել»։ Այս ընթացքում հայցվորը [Սասունյանը] և նրա հանցակիցը, որը հայցվորից մի քանի տարով մեծ էր, քննարկում էին գնալ Եվրոպա և իրականացնել այնպիսի սպանություն, ինչպիսին նրանք տեսնում էին, թե ինչպես է տեղի ունենում: Սակայն, ինչ-որ պահի Արիքանը հանդես եկավ հրապարակային ելույթով՝ հայերին անվանելով «ստախոսներ» և հայտարարեց, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Սալիբան հայցվորին ցույց տվեց Արիքանի հայտարարության վերաբերյալ հոդվածը։ «Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռներ՝ մենք դա համարեցինք շատ վիրավորական: Մենք խիստ վիրավորվեցինք դրանից»։ 
 
Դատավոր Ռայընը վճռեց, որ «գործի մեջ որևէ ապացույց չկա պաշտպանելու նահանգապետի կողմից մեղքի գիտակցման պակասի բացահայտումը, որ 40 տարվա վաղեմություն ունեցող հանցագործությունը դեռևս վկայում է դիմումատուի վտանգավորության մասին ներկայումս»:
 
Դատավորը վիճարկեց նահանգապետի այն պնդումը, որ Սասունյանի կողմից իր հանցագործության մասին մեղքի գիտակցումը «միայն վերջերս է» տեղի ունեցել: Դատավոր Ռայընը հայտարարեց, որ «դատական պրակտիկան սահմանում է, որ գոյություն չունի կանխորոշված ժամանակահատված, որի ընթացքում բանտարկյալը պետք է ցուցադրի կամ ունենա մեղքի գիտակցում, որպեսզի այն բավարար լինի պիտանիության նպատակով»: Դատավորը վճռեց, որ «գիտակցման չափանիշը, որը նահանգապետը օգտագործել է իր որոշումը կայացնելու համար սխալ էր․․․․ և Սասունյանի համար սահմանել էր այլ «կամայական» չափանիշ»։
 
Ինչ վերաբերում է Սասունյանի՝ հասարակության համար վտանգ ներկայացնելու խնդրին, «դատարանը նշում է՝ հոգեբանը գտավ, որ հայցվորը ազատ արձակվելուց հետո բռնության ցածր վտանգ է ներկայացնելու», գրել է դատավորը: «Հայցվորը ներողություն խնդրելու նամակ է գրել Արի քանի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին, ինչպես նաև մի նամակ՝ «Թուրքիայի ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը և աշխարհի թուրքական համայնքներին», ասաց դատավոր Ռայընը։ «Դատարանը գտավ, որ նահանգապետի որոշումը «կամայական էր և ընթացակարգի առումով թերի», վճռեց դատավորը։ Նա նաև նշեց, որ Սասունյանը «ազատ արձակման համապարփակ ծրագրեր ունի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար»: Սա վերաբերում է Սասունյանի այն հայտարարությանը, որ բանտից ազատվելուց հետո նա կարող է տեղափոխվել Հայաստան:
 
Վերջում դատավորը հայտարարեց, որ Սասունյանը «սպանություն է կատարել, որի համար պատշաճ կերպով պատժվել է...․ Նահանգապետի որոշումը չեղյալ է համարվում, Ներման հարցերով հանձնաժողովի 2019 թ․ դեկտեմբերի 27-ի վաղաժամկետ ազատման շնորհումը վերականգնվում է: Հանձնաժողովին հանձնարարվում է «շարունակել վաղաժամկետ ազատման իր սովորական ընթացակարգերը, եթե որոշումն ընդունվելուց հետո 30 օրվա ընթացքում Հանձնաժողովը բարեխղճորեն չի որոշում, որ վաղաժամկետ ազատման վերացման պատճառ կարող է լինել և նախաձեռնում է համապատասխան վարույթ`հարցը պարզելու համար»։ Նահանգապետ Նյուսոմը որոշեց չբողոքարկել դատավորի վճիռը՝ թույլ տալով ներումն ուժի մեջ մտնի, որով Սասունյանը շուտով ազատ կարձակվի։
 
Իմ կարծիքով, բռնությունը երբեք արդարացված չէ՝ անկախ պատճառից: Գլխավոր հյուպատոս Արիքան մեղավոր չէր հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեջ: Նա նույնիսկ ծնված չէր ցեղասպանության ժամանակ։ Հայերը պահանջներ ունեն Թուրքիայի կառավարությունից, այլ ոչ թե անհատ թուրքերից: Սասունյանը հանցագործություն է կատարել, որի համար պատժվել է համարյա 40 տարվա բանտարկությամբ։ Թուրքիայի կառավարության կողմից Սասունյանի ազատման վերաբերյալ բողոքները համոզիչ չեն։ Թուրքիայի կառավարությունը ճնշում է գործադրել Ամերիկյան Դաշնային կառավարության վրա ՝ հորդորելու նահանգապետ Նյուսոմին 2020 թվականին, իսկ նախկինում նահանգապետ Բրաունին 2017 թվականին՝ մերժել Ներման հանձնաժողովի՝ Սասունյանին ազատ արձակելու որոշումները։ Առավել ևս համոզիչ չեն, եթե չասենք՝ բոլորովին ամոթալի են Ադրբեջանի կառավարության բողոքներն ընդդեմ Սասունյանի ազատ արձակման: Ադրբեջանը հերոսացրեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝  հայ սպային քնած ժամանակ կացնահարած հանցագործին։ Հունգարիայից արտահանձնումից հետո Սաֆարովը Ադրբեջանում ոչ մի օր չի անցկացրել բանտում։
 
Վերջապես, միանգամայն անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը չափազանց մեծ պատիժ պահանջեր թուրքին սպանած հայի համար, մինչդեռ Թուրքիան ինքը շարունակում է հերքել 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունը: Միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պատշաճ ձևով հատուցի դրա համար, հայերը կարող են քննարկել մեկ թուրքի սպանության համար ներողություն խնդրելու հարցը․․․
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play