Մեկնարկել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը


Մեկնարկել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը

  • 24-03-2021 13:10:02   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի երաժշտական կրթօջախներում մեկնարկել են «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգները:
 
Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև պատանի երաժիշտները հանդես են եկել Երևանի Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջում:
 
Ընտրությունը պատահական չի եղել. 11-17-տարեկան պատանի կրթաթոշակառուներ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) Հայաստանի լավագույն երաժշտական կրթօջախների սաներ են: Երեկոների ընթացքում նրանք կատարել են Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ․Շումանի, Յ․Հայդնի, Դ. Պոպպերի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի ստեղծագործությունները: Համերգների ավարտին կրթաթոշակառուները միասին ներկայացրել են Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» Գայանե բալետից, որը հատուկ նրանց համար գործիքավորել է երիտասարդ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանը:
 
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի գնահատմամբ՝ տաղանդավոր երեխաների բացահայտումն ու նրանց ցուցաբերված աջակցությունը շատ կարևոր քայլ է, որն իրականացնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ:
 
«Ժյուրին բավականին խիստ մոտեցում է ցուցաբերել՝ ընտրելով լավագույններին, որոնք ստանում են ոչ միայն դրամական, այլև մասնագիտական աջակցություն»,- նշել է Հայրապետյանը, ով ընդգրկված է եղել մասնագիտական ժյուրիի կազմում հիմնադրամի հայտարարած մրցույթում:
 
Ըստ մաեստրոյի՝ անհատները միանգամից չեն փայլում իրենց ունակություններով, նրանց պետք է բացահայտել, խրախուսել և աջակցել. «Որքան շատ երեխաների ցուցաբերվի աջակցություն, այնքան ավելի շատ տաղանդավոր կատարողներ ի հայտ կգան: Պետք է բացահայտել տաղանդավորներին և չսահմանափակվել միանվագ աջակցությամբ:  Այդ առումով հիմնադրամի մոտեցումը շատ ճիշտ է, քանի որ ցուցաբերվող աջակցությունը չի սահմանափակվում դրամական խրախուսմամբ, կազմակերպվում են վարպետության դասեր, համերգներ, որոնք այնքան անհրաժեշտ են պատանի կատարողներին իրենց ուղին հարթելու համար, և մասնագիտական այսպիսի տևական աջակցությունը շատ կարևոր է  պատանի երաժշտի համար: Քաջատեղյակ լինելով Սերգեյ Սմբատյանի ստեղծագործական գործունեությանը` շատ ուրախ եմ և ողջունում եմ նրա նաև բարեգործական այս նախաձեռնությունը. նրա հայացքը միշտ ուղղված է դեպի առաջ, և նա շատ լավ հասկանում և, ամենակարևորը, ահռելի աշխատանք է կատարում մեր ապագա սերունդների զարգացման և առաջխաղացման գործում»,- շեշտել է Հայրապետյանը:
 
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն ՀՀ վաստակավոր արտիստՎարազդատ Խաչումյանը բարձր է գնահատել համերգին պատանի երաժիշտների կատարումները. «Համերգի տասը մասնակցից մեծամասնության կատարումները փայլուն էին, մնացածը դեռ պետք է աշխատեն: Երեխաների հուզմունքը մեծ էր: Համերգը լավ անցավ, փայլուն ծրագիր է, կարևոր է, որ համերգային ծրագրերը լինելու են շարունակական, ինչը շատ ողջունելի է»:
 
Անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը՝ Խաչումյանը ողջունեց տաղանդավոր երեխաներին բացահայտելու և աջակցելու ծրագիրը՝ նշելով, որ անտաղանդները միշտ իրենց տեղը կարողանում են գտնել, մինչդեռ տաղանդավորներին պետք է աջակցել և առաջ տանել. «Աջակցելով տաղանդավոր կատարողներին՝ հիմնադրամին կհաջողվի հասնել իր նպատակին՝ ապահովել երաժշտական ասպարեզում պրոֆեսիոնալ կատարողների սերնդափոխություն: Սա փայլուն նախաձեռնություն է, որը կտա իր արդյունքները երաժշտական ոլորտում»:  
 
Հիմնադրամի ստեղծման գաղափարն ուղղված է Հայաստանի պատանի երաժիշտ կատարողների ստեղծագործական զարգացմանն ու խթանմանը, և հենց այս մասին իր խոսքում նշել է խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր,  «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը: Ողջունելով հիմնադրամի նախաձեռնությունը՝ նա նշել է. «Շնորհալի երեխաներին պետք է աջակցել, որպեսզի նրանք կարողանան աճել և դառնալ երաժիշտներ: Այն կարծիքին եմ, որ երեխաներն էլ պետք է խթան ունենան պարապելու համար, իսկ Հայաստանում այդ խթանը շատ թույլ է, մրցակցության դաշտը՝ շատ փոքր: Պետք է մրցակցության խթան լինի և որևէ մեկի համար այդքան հեշտ չլինի հասնել որևէ բանի, քանի որ ուսումնական հաստատություններում պակասում են լավ մասնագետ ուսուցիչները, որոնք ձգտում են աշակերտներից լավագույն արդյունք ստանալ: Կան շատ տաղանդավոր ու շնորհալի երեխաներ, որոնք դուրս չեն գալիս ասպարեզ: Այս ոլորտում հաջողության հասնելու համար պետք է պետական մակարդակով փոխվի մարտավարությունը»:
 
Ըստ Հեքեքյանի՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ընտրել է 10 շնորհալի երեխաների, կարծում է՝ ընթացքում պետք է ձևավորի նաև նրանց միջև մրցակցություն:
 
Հեքեքյանը կարծիք է հայտնել, որ հիմնադրամի՝ տաղանդավոր երեխաներին գտնելու և խրախուսելու նախաձեռնությունը կհաջողի. «Առավել արժանիներին պետք է ճանաչելի դարձնել, հանել միջազգային ասպարեզ, մասնակից դարձնել միջազգային նախագծերին»,- եզրափակել է նա:
 
«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների հաջորդ համերգները նախատեսվում է անցկացնել կրթաթոշակառուների մյուս երաժշտական հաստատություններում՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի Պ․Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ