Վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
24-03-2021 15:00:23 | Հայաստան | Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2021թ. մարտի 17-ին՝ ժամը 16:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ին, իր կնոջ ներկայությամբ Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկն ապտակել է անչափահաս որդուն՝ երեխային պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ կնոջը՝ հոգեկան ուժեղ տառապանք:
Երեխային պատճառված մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը պարզելու նպատակով, նյութերի նախապատրաստման ընթացքում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետի եզրակացության համաձայն՝ երեխայի դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկայով՝ առաջացնելով առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին